«Ոսկե ծիրան». «Հետաքրքիր է, թե ինչու շատ ֆիլմերում չեն խոսում ղարաբաղյան պատերազմի թեմայի մասին»
Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Քարքարոտ ճամփաներ» վավերագրական ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում: Ֆիլմն Անատոլիայում կատարած մի շրջագայության պատմություն է: Առնո Խայաջանյանը սկսում է ճամփորդել Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների հողերում: Սկսելով մի գեղանկարից, նրա պատահական հանդիպումներից և իր հարազատների մասին պատմություններից՝ ֆիլմը բացահայտում է բարեպաշտների՝ այն բոլոր անհայտ մարդկանց սակավածանոթ գործերը, որոնք կյանքեր են փրկել 1915-ին:
Այս տարի Իսմայիլիայի միջազգայյին կինոփառատանում ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց, որ 20 տարեկանում բացահայտել է, որ իր նախապապը Արևմտյան Հայաստանից է եղել, Հայոց ցեղասպանության ժամանակ թաքնվել է թուրքերից, մի քուրդ գտել է և փրկել:
«Սկսեցի բազում հարցեր ուղղել ընտանիքիս անդամներին, բայց մնում էին անպատասխան, քանի որ արգելված էր այդ թեմայով խոսելը: Այդ ժամանակ որոշեցի գնալ Անատոլիա, այն գյուղը, որտեղ ծնվել է նախապապս: Որոշեցի նկարահանել ֆիլմ՝ պատմելով այն բարեգութ մարդկանց մասին, ովքեր ցեղասպանության օրերին փրկել են հայերին»,- ասաց երիտասարդ ռեժիսորը:
Առնո Խայաջանյանի խոսքով, երկու տարի հետազոտական աշխատանքներ է իրականացրել, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների անդամներին. «Հասկացա, որ յուրաքանչյուր վերապրողի պատմության մեջ եղել է մեկը, ով փրկել է ընտանիքի անդամներից որևէ մեկին»:
Նա նշեց, որ ավելի շատ կենտրոնացել է ոչ թե վատ կողմերի, այլ բարեգործական արարքների վրա, այն մարդկանց, ովքեր փրկել են հայերին:
«Պատահական գրքերում որոշակի տեղեկատվություն կա նման մարդկանց մասին, բայց ոչ մանրամասն: Ես վավերագրական շատ ֆիլմեր եմ դիտել, որտեղ ռեժիսորները ունեցել են ագրեսիվ վերաբերմունք թուրքերի հանդեպ: Ինչպես նշեցի՝ փորձել եմ կենտրոնանալ լավ կողմերի վրա, որպեսզի երկխոսություն լինի թուրքերի հետ»,- ասաց ռեժիսորը:
Ֆրանսահայ երիտասարդ ռեժիսորը նշեց, որ իր ազգանվան պատճառով Ֆրանիսայում իրեն ընդունում են որպես հայ, Հայաստանում՝ ֆրանսիացի, քանի որ հայերեն չի խոսում, Թուրքիայում՝ հայ՝ կրկին ազգանվան պատճառով:
«Հաջորդ նախագիծս լինելու է հայի ինքնության և զգացմունքներիս մասին, որը միշտ խառնված է»,- հավելեց նա:
Առնոն ասաց, որ երկու օրից գնալու է Արցախ՝ ներկայացնելու իր ֆիլմը: Ֆրանսահայ ռեժիսորը հետաքրքրված է ղարաբաղյան պատերազմով, այժմ ԼՂՀ-ում տիրող իրավիճակով:
«Հետաքրքիր է, թե ինչու շատ ֆիլմերում չեն խոսում այս թեմայի մասին: Ընկեր ունեմ, ով իր դիպլոմային աշխատանքը գրել է հենց ղարաբաղյան պատերազմի թեմայով: Այժմ հետազոտում եմ Ղարաբաղում իրավիճակը, ղարաբաղյան պատերազմը, որպեսզի հաջորդ ֆիլմս նկարեմ հենց ղարաբաղյան պատերազմի մասին: Մեկ ամսից վերադառնալու եմ Լեռնային Ղարաբաղ՝ շարունակելու իմ աշխատանքները»,- ասաց Ա. Խայաջանյանը:
Առնո Խայաջանյանի նկարահանած «Կորած հորիզոններ» կարճամետրաժ ֆիլմը (2012) ցուցադրվել և մրցանակների է արժանացել 22 միջազգային կինոփառատոնում: 2014-ին մի ֆրանսիական պիեսի էկրանացումը դարձած նրա «Վատ աղջիկը» կարճամետրաժը մեծ տարածում է գտել և մեկ միլիոնից ավելի դիտումներ ունեցել: Ֆիլմը ներկայացվել է 15 միջազգային կինոփառատոնում՝ ներառյալ «Օսկարի» երաշխավորող Ուպսալայի ԿՓ-ում, արժանացել Vimeo մրցանակին, ինչպես նաև ժյուրիի մրցանակին «Սանդենս» հեռուստաալիքի մրցույթում:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». «Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես կյանքում շատ հաճախ արդարությունը կարող է վերածվել բիզնեսի»
- «Ոսկե ծիրան». Թրքուհու ներսում երկու թշնամի է ապրում
- «Ոսկե ծիրան». «Ինսայթ» ֆիլմի նկատմամբ ռեժիսորը հատուկ վերաբերմունք ունի
- «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում լինելու են ֆիլմերի բացօթյա անվճար ցուցադրություններ
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրան»-ը յուրօրինակ խաչմերուկ է
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
- Հայաստանում օտարերկրյա առաքելությունները հաճույքով են համագործակցում «Ոսկե ծիրան» փառատոնի հետ
- «Ոսկե ծիրան». Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին գալու է Հայաստան
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
- «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն. Շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
- «Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին