Գյուղատնտեսության ոլորտում շուտով ապահովագրության պիլոտային ծրագիր է իրականացվելու
Կարկտահարության, քամու և ուժեղ անձրևի հետևանքով Արմավիրի ու Արագածոտնի գյուղատնտեսներին պատճառած վնասները կրկին վեր հանեցին գյուղատնտեսության ոլորտում օր առաջ ապահովագրություն իրականացնելու հրամայականը:
Ցրտահարությունների, կարկտահարությունների, սելավների հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությունը տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս է կրում: Հիմնական զոհերը գյուղացիներն են, որոնց մեծ մասը կքած է վարկերի բեռի տակ: Ամեն գյուղատնտեսական տարվա մեկնարկին վարկ վերցնող գյուղացին իրեն հույս է տալիս՝ էս տարին լավ է լինելու: Տարվա կեսին նրանցից շատերը փաստի առաջ են կանգնում: Պետական բյուջեից բոլորին կրած վնասի չափով աջակցություն տրամադրել հնարավոր չէ:
«2013 թվականին միայն կարկտահարության վնասը հաշվվում էր 25.3 մլրդ դրամ, 2014-ի ցրտահարության հետևանքով վնասը կազմում էր ավելի քան 11 մլրդ դրամ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման թվային տվյալներ ներկայացրեց Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ոլորտում այս իրավիճակում որևէ մեկը չի համարձակվի ապահովագրություն իրականացնել:
«Ապահովագրությունը կիրականացվի այն ժամանակ, երբ մենք կունենանք գյուղմթերքի երաշխավորված անվտանգ մշակություն: Իսկ դա կապված է հակակարկտային ծառայության աշխատանքի արդյունավետության հետ»,-ասաց միավորման նախագահը:
Բերբերյանը համարում է, որ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն, աշխարհի զարգացած պետությունները վաղուց անցել են մշակաբույսերի ու այգիների ցանցապատման մեթոդին, ինչն ապահովում է մոտ 100 տոկոս պաշտպանություն:
«Աշխարհում երևի միայն Արգենտինայում էին հակակարկտային կայաններն օգտագործում: Բերեցին, կապեցին Հայաստանի գլխին էլ: Մենք գործ ունենք ցածր էֆեկտիվության սարքերի հետ: Կա նախագահի հստակ հանձնարարական, անցնել ցանցապատման, ինչը չի արվում»,-ասաց Բերբերյանը:
Նրա կարծիքով, ինչ-որ ուժեր կան, որ ձեռնամուխ են եղել այդ կայանների ամեն կերպ գործարկմանը: Նրա խոսքով, ցանցապատման ծախսերի մասին ներկայացված աստղաբաշխական թվերն իրականությանը չեն համապատասխանում: Բերբերյանը հաշվարկել է, 1 հա տարածքը ցանցապետելու համար անհրաժեշտ է 2 հազար դոլարին համարժեք դրամ, ցանցը կարելի է օգտագործել 15 տարի:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ տնտեսության ամենառիսկային ոլորտի ապահովագրության իրականացումը շատ կարևոր է, համակարգի ներդրման գործում պետք է պետությունը սուբսիդավորում իրականացնի:
«Պարտադիր ավտոապահովագրության ներդրման ժամանակ ընդդիմացողները շատ էին, բայց կարծում եմ, այս տարիների ընթացքում համակարգն իրեն արդարացրեց: Նման համակարգ պետք է ներդրվի գյուղատնտեսության ոլորտւմ և պայմանավորված լինի մարդկանց պարտավորվածությունների կատարման հետ: Օրինակ, եթե լինի գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի ապահովագրություն, ապա համոզված եմ, որ գյուղացիները պատրաստ կլինեն ավելի բարձր տոկսադրույքով վարկեր վերցնել, որպեսզի դրա մի մասն ուղղվի որպես ապահովագրական վճար»,-նշեց տնտեսագետը:
Մ. Առաքելյանը նկատեց, որ այս մոդելը հայաստանյան ֆինանսական համակարգում կա, երբ հիպոթեքային վարկի տրամադրման պարագայում ապահովագրում են տունը: Եթե մոդելը ներդրվի նաև գյուղոլորտում, բանկերը, հաշվի առնելով ցածր ռիսկայնությունը, կիջեցնեն տոկոսադրույքները:
Ինչ վերաբերում է պետության մասնակցությանը, Մ. Առաքելյանն առաջարկում է վարկերը սուբսիդավորելու փոխարեն միջոցներն ուղղել ապահովագրության համակարգի կայացմանը:
«Վարկերի սուբսիդավորման ազդեցությունը փոքր է, ամսական մի քանի հազար դրամ էլ չի կազմում: Կարծում եմ, որ գյուղացիներն էլ, ֆինանսական համակարգն էլ ավելի կողմ կլինեն, որ 4 տոկոս սուբսիդավորման հաշվին պետությունը ապահովագրական վճարներ կատարի կամ էլ պետական ապահովագրական ընկերություն ստեղծվի»,-ասաց նա:
Գյուղատնտեսության վարչության ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանն ասաց, որ ոլորտում ապահովագրության ներդրման նպատակով արդեն մի քանի տարի քննարկումներ, հետազոտություններ են իրականացվում, միջազգային փորձն են ուսումնասիրում: Նախ որոշել են ապահովագրություն իրականացնել անասնապահության ոլորտում՝ ապահովագրելով խոշոր եղջերավոր անասուններին: Սակայն նախարարության ու ԿԲ համատեղ նոր ու ավելի խոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ապահովագրության ներդրման անհրաժեշտություն առաջին հերթին կա բուսաբուծության ոլորտում:
«Ոլորտը մասնավոր ընկերությունների համար գրավիչ չի եղել, ոչ մեկ չի ցանկացել մտնել ապահովագրական դաշտ»,-ասաց նախարարության պաշտոնյան:
Առաջիկա ամիսներին նախատեսվում է մեկնարկել ապահովագրության պիլոտային ծրագիր՝ 10 մշակաբույսերի ու 5 ռիսկերի պարագայում:
«Մշակաբույսերն են՝ ցորեն, գարի, կարտոֆիլ, լոլիկ, ծիրան, խնձոր, խաղող, դեղձ կաղամբ, պղպեղ: Ռիսկերն են՝ կարկտահարություն, ցրտահարություն, ջրածածկում, երաշտ, հողմ»,-ասաց Հրաչյա Ծպնեցյանը:
Դեռևս քննարկումներն ընթանում են, ըստ նախնական տվյալների, պիլոտային ծրագիրը կիրականացվի Արարատյան դաշտավայրում: Նախատեսվում է, որ այն որոշակի չափով կսուբսիդավորվի պետության կողմից:
«Կենտրոնական բանկն առաջարկել է, որ ապահովագրությունն իրականացվի Ավտոապագհովագրության բյուրոյի միջոցով, դրա կազմում ստեղծվի մի կառույց, որը զբաղվի գյուղանտեսության ապահովագրությամբ: Փորձնական ծրագրի ավարտից հետո կախված արդյունքներից, նոր այդ կառույցը կառանձնանա»,-ասաց վարչության պետը:
Նրա խոսքով, պիլոտային ծրագրի շրջանակում պարտադիր ապահովագրություն է ենթադրվում գյուղացիական վարկեր վերցրած գյուղացիների համար, մյուս դեպքում այն կլինի կամավոր սկզբունքով:
Մինչ այդ անհրաժեշտ է լրացնել հայաստանյան օրենսդրության բացերը, ստեղծել տվյալների բազա, կայացնել վնասները գնահատող մասնագետների ինստիտուտը, կազմել մրցույթի տեխնիկական առաջադրանքներ, իրականացնել ռիսկերի մեղմելուն ուղղված ծրագրեր, այդ թվում ցանցապատման աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
- Արագածոտնում դպրոցի տանիքը քամին տարել է
- Արմավիրի մարզի 41 համայնք լուրջ վնաս է կրել տեղատարափ անձրևից ու կարկուտից
- Մյասնիկյանի բնակիչները մեկը մյուսին են մխիթարում
- Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Արագածոտնի մարզում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան