Մնջախաղի միջազգային փառատոնով փորձում ենք աշխուժացնել մարզերի մշակութային կյանքը. Դադասյան
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնն այսուհետ կդառնա ամենամյա,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Օգոստոսի 10-15 Ծաղկաձորում տեղի կունենա մնջախաղի միջազգային հինգերորդ փառատոնը, որը մինչ այս անց էր կացվում երկու տարին մեկ: Փառատոնն արդեն լուրջ թափ է հավաքում հետաքրքրվողների շրջանում: Այս տարի առաջին անգամ փորձ է արվելու բացի Ծաղկաձորից նաև ցուցադրություններ կազմակերպել Դիլիջանում, հետագայում է նպատակ ունենք ցուցադրություններ կազմակերպել այլ մարզերում: Մարզերում մշակութային կյանքի պակաս կա, հուսանք այս փառատոնը կնպաստի դրա աշխուժացմանը»,-նշեց Դադասյանը:
Նա հատուկ ընդգծեց փառատոնի բացօթյա լինելը. «Փառատոնը բոլորի համար է, կարող է գալ և դիտել ցանկացած ոք: Ցուցադրություններ կլինեն Ծաղկաձորի «Ծաղկունյաց» և «Օրբելիների» հրապարակում, Դիլիջանի բաղօթյա ամֆիթատրոնում, Երևանի Հյուսիսային պողտայում:
Ավանդույթի համաձայն՝ հանդիսատեսն կարող է օգտվել անվճար ավտոբուսներից՝ որոնք փառատոնի օրերին կապահովեն Երևան-Ծաղկաձոր-Երևան երթուղին»:
Մնջախաղի թատրոնի գեղարվեստական թատրոնի ղեկավարի տեղեկացմամբ՝ այս տարվա ծրագրում մասնակիցներ են ընգդրկվել Սերբիայից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան հանրապետությունից, ինչպես նաև էթնիկ պարախումբ Գանայից. «Մնջախաղից բացի լինելու են կրկեսային, ակրոբատիկ, աճպարարության համարներ, այս տարի փորձում ենք ակտիվացնել նաև պարային հատվածը»:
Փառատոնի օրերին տեղի կունենան վարպետության դասընթացներ, կոնֆերանս՝ Մնջախաղի միջազգային կազմակերպության նախագահ Մարկո Ստոյանովիչի մասնակցությամբ:
Հայաստանից փառատոնին կմասնակցեն «Երևանի մնջախաղի պետական թատրոնը», Մնջախաղի թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, որոնք կներկայացնեն իրենց ավարտական աշխատանքները:
Դադասյանը հավելեց նաև, որ այս փառատոնը միշտ եղել է Լեոնիդ Ենգիբարյանի թոռան ուշադրության կենտրոնում, ով Հայաստանում չի բնակվում. «Վեց տարի առաջ փառատոնին ներկա էր Ենգիբարյանի թոռը, ով նույնպես կրկեսային գործունեությամբ է զբաղվում, հուսանք հետագայում էլ նրանք կարող ենք տեսնել մեր փառատոնի շրջանակներում»:
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը, այն անց է կացվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին