Հայ երաժիշտների համագործակցության «Ortus»-ը
Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայանալու է ամենիկաբնակ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի և ՀՀ Վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի «Ortus» ձայնասկավառակի շնորհանդես-համերգը, որի ընթացքում հնչելու են Տաթև Ամիրյանի որոշ դաշնամուրային ստեղծագործությունները` Հայկ Մելիքյանի կատարմամբ: Երեկոյին դաշնակահարը նաև կկատարի 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության համաշխարհային գլուխգործոցներից ևս, այդ թվում` Ջոն Քեյջ, Գալինա Ուստվոլսկայա, Դիմիտրիս Մարոնիդիս, Էնթոնի Ռ.Գրին, Քարիմ Հադդադ: Այս մասին տեղեկացնում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:
«Ortus» անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է սկզբնաղբյուր, սկիզբ, ծնունդ։ Ըստ Տաթև Ամիրյանի՝ «Հանգեցինք «Ortus»-ին, քանի որ այն իմ առաջին ձայնասկավառակն է և խորհրդանշում է նորի սկիզբ»։
Մայիսի 7-ին տեղի է ունեցել ձայնասկավառակի ամերիկյան շնորհանդեսը` Կալիֆորնիա նահանգի Բերքլի քաղաքի Քրաուդենի անվան երաժշտական կենտրոնում: Այս անգամ Տաթև Ամիրյանը հատուկ ժամանել է Երևան` հայաստանյան շնոհանդես-համերգին ներկա գտնվելու նպատակով:
«Անչափ ուրախ եմ, որ որպես կոմպոզիտոր, ինձ հնարավորություն է ընձեռնվել աշխատելու նման բացառիկ տաղանդի և բարձր պրոֆեսիոնալիզմի տեր կատարողի հետ: Հայկ Մելիքյանն այսօր այն եզակի դաշնակահարներից է, ով կարողանում է վարպետորեն եւ համոզիչ մատուցել ժամանակակից երաժշտությունը և իր յուրովի մեկնաբանությամբ նոր կյանք տալ կոմպոզիտորի ստեղծագործությանը»,-ասել է Տաթև Ամիրյանը:
«Չնայած տարածությանը, Հայկ Մելիքյանն ու Տաթև Ամիրյանը միասին համագործակցում են բազում տարիներ, Տաթևը հատուկ ստեղծագործություններ է գրել Հայկի համար, որոնք վերջինս ներկայացնում է աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում նաև «Սպասելով լուսաբացին» պիեսը` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, որը և տեղ գտավ Հայկ Մելիքյանի «Echoes of Altar» ձայնասկավառակում: Կարծում եմ այս երկու երաժիշտները միմյանց շատ հարիր են զգում ու դեռ կստեղծեն նոր նմանատիպ առիթներ ու համագործակցության արգասիքներ»,-ասել է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:
Համերգի մուտքն ազատ է բոլոր երաժշտասերների համար: