Ղրիմն Այվազովսկու 38 կտավ տվել է Տրետյակովյան պատկերասրահին
Տրետյակովյան պատկերասրահը շարունակում է նախապատրաստվել հուլիսի 29-ին հանրահայտ նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Հայաստանի Ազգային պատկերասրահից, Ռուսական թանգարանից բացի, Տրետյակովյան պատկերասրահն են տարվում նաև Ղրիմից՝ Թեոդոսիայի պատկերասրահից Այվազովսկու կտավներ: Ռիա նովոստին գրում է, որ Թեոդոսիայի թանգարանից մոսկովյան Տրետյակովյան պատկերասրահ տարվել է նկարչի 38 աշխատանք: Նկարները մոսկովյան մշակութային օջախում կմնան մինչև ցուցահանդեսի ավարտը:
Տրետյակովյան պատկերասրահին տրված նկարները ապահովագրվել են:
Նախատեսված է, որ Տրետյակովյան պետական պատկերասրահում ներկայացվելու է Այվազովսկու 100 գեղանկար և 50 գրաֆիկական աշխատանք: Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 20-ը:
Ղրիմի մշակույթի նախարարը հայտարարել է, որ իրենք դիմել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի թանգարաններ, նաև Այվազովսկու աշխատանքներն իրենց հավաքածուներում ունեցող կոլեկցիոներներին՝ առաջարկելով հաջորդ տարի բերել և ներկայացնել ստեղծագործությունները Թեոդիայում կազմակերպելիք ցուցահանդեսում, երբ լայնորեն նշվելու է նկարչի 200-ամյա հոբելյանը:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Տրետյակովյան պատկերասրահը հանուն Այվազովսկու ցուցահանդեսի առաջին անգամ տոմսերի առցանց վաճառք է կիրառում
- Ռուսական թանգարանը երեք ամսով Տրետյակովյան պատկերասրահին է տալիս Հովհաննես Այվազովսկու 33 կտավ
- Հայաստանի Ազգային պատկերասրահում պահվող Այվազովսկու 12 կտավ ցուցադրվելու է Մոսկվայում
- Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված Տրետյակովյան պատկերասրահը կազմակերպելու է ցուցահանդես
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին