«Ոսկե ծիրան». «Վերջին բնակիչի» իրական պատմության, աղջկան փրկելու ու մարդ մնալու մասին
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում: Ֆիլմի պրեմիերան կայացել է նախօրեին հենց երևանյան փառատոնի շրջանակում:
Հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին լիամետրաժ խաղարկային ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն իրական պատմություն է, գրվել է 1995 թվականին, տպագրվել է ԼՂՀ-ում, այնուհետև Լոս Անջելեսում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ծ. Խաչատրյանն ասաց, որ իր ամուսնու ծննդավայրը բռնազավթել էին, միայն մի մարդ էր մնացել իր աղջկա հետ:
«Ես գրեցի պատմվածքը: Համառոտ պատմեցի Ջիվան Ավետիսյանին, ասաց, որ կարելի է դրանից լավ ֆիլմ սարքել, բայց այնպես ներկայացնել, որ ծննդավայր կորցնելը ոչ միայն հայի ցավն է, այլ համամարդկային ցավ է, այսինքն ազգային խնդիրը բարձրացրեց համամարդկային մակարդակի վրա: Շեշտը դրվել է հոգեբանականի վրա՝ քիչ խոսք, քիչ բառեր, ավելի շատ հերոսների խաղ, աչքեր, դիմախաղ և այդպես լցնել այդ լռությունը: Դա ռեժիսորի մոտ ստացվեց»,- ասաց պատմվածքի հեղինակը:
Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղում Աբգարը միայնակ է մնում թշնամու աստիճանաբար նեղացող օղակի մեջ: Նա սպասում է իր աղջկան, որը տեսել է, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն, և հոգեկան խանգարումով հոսպիտալացվել: Իբրահիմ անունով մի ադրբեջանցի խոստանում է գտնել ու վերադարձնել Աբգարի աղջկան՝ փոխարենը նրան առաջարկելով աշխատել մզկիթի շինարարության վրա: Մի քանի օր անց Իբրահիմը Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում է Յուրգա անունով աղջկան և վերադարձնում Աբգարին:
Ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի խոսքով, ֆիլմում շատ կարևոր էր աղջկան փրկելը. «Պատերազմ, մարդիկ եզրագծում են, բայց փորձում են մարդ մնալ: Աղջկան փրկելը կարևոր է, որ վաղը կյանքը շարունակվի»:
«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։
Ջիվան Ավետիսանն ասաց, որ ֆիլում տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին խաղում և նրանք որոշում ընդունեցին խաղալ ֆիլմում օբյեկտիվ ընկալման արդյունքում. «Երկար աշխատել ենք դերասանների հետ, որպեսզի նրանք ընկալեն մեզ: Սանդրա Դաուկսայտե Պետրուլենը նախքան ֆիլմում նկարահանվելը, եղել է Արցախում, շփվել հասարակ մարդկանց հետ: Ես տվել եմ նրան հայկական մամուլի արձագանքը, նաև ադրբեջանական արձագանքը ղարաբաղյան դեպքերին: Ասել եմ, որ եթե ձեզ հետաքրքրում է, կարդացեք, որոշում կայացրեք, հակառակ երկրի կողմից ագրեսիվ արձագանք է լինելու»:
Հայաստանից դուրս ֆիլմի մասսայական ցուցադրություն տեղի չի ունեցել, բայց, ըստ ռեժիսորի, արդեն շատ մասնագետներ, ովքեր ծանոթացել էին միայն սցենարին, դիտել ֆիլմը միայն մոնտաժված մակարդակում, վստահորեն ասել են, որ ֆիլմն իր ասելիքը կարող է հասցնել աշխարհին:
«Անկեղծ խոստովանում եմ, որ եթե ֆիլմի ասելիքն այդքան զորեղ չլիներ, չէր կարող ստանալ այդքան երկրից աջակցություն, ի զորու չէինք լինի հավաքվել ֆիլմի բյուջեն, այսքան դերասաններ տարբեր երկրներից»,- ասաց Ջ. Ավետիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». «Հետաքրքիր է, թե ինչու շատ ֆիլմերում չեն խոսում ղարաբաղյան պատերազմի թեմայի մասին»
- «Ոսկե ծիրան». «Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես կյանքում շատ հաճախ արդարությունը կարող է վերածվել բիզնեսի»
- «Ոսկե ծիրան». Թրքուհու ներսում երկու թշնամի է ապրում
- «Ոսկե ծիրան». «Ինսայթ» ֆիլմի նկատմամբ ռեժիսորը հատուկ վերաբերմունք ունի
- «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում լինելու են ֆիլմերի բացօթյա անվճար ցուցադրություններ
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
- «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերային ներկա կլինի ստեղծագործական և դերասանական կազմը՝ տարբեր երկրներից
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան