Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. Աշոտյան
Գյումրիում հոկտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրությունները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքական ընտրություններ է համարում, իսկ իրենց թեկնածուի նախընտրական շանսերը գնահատում բարձր:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական և Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները մասնակցում են դաշինքով, իսկ ցուցակը ղեկավարող թեկնածուն գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն է:
«Այս ընտրությունները անձնավորված են, բայց անձի ընտրություններ չեն: Ակնհայտ է, որ ընտրությունները քաղաքական են: Մեզ համար կարևոր է, որ գյումրեցին այս տարիների ընթացքում տեսել և, ըստ մեր հավաստի տեղեկությունների, բարձր է գնահատել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կազմակերպչական ջիղը, նվիրվածությունը քաղաքին: Այն աշխատանքները, որոնք իրականացնում է Բալասանյանը մեզ թույլ են տալիս ևս մեկ անգամ փաստել, որ մենք մեր թիմային աշխատանքի շնորհիվ կարող ենք Սամվել Բալասանյանի կողմից ցուցակը գլխավորելով գնալ Գյումրիում հաջողությունների: Իհարկե, որոշողը լինելու է գյումրեցին», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Աշոտյանը:
Դիտարկմանը, թե Սամվել Բալասանյանը Հանրապետական կուսակցության անդամ չէ, ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ դա պարտադիր չէ ու շարունակեց. «Մենք չունենք այն վատ ավանդույթը, որ անպայման բոլորը պետք է լինեն Հանրապետական, մենք չունենք դոգմա, որ բոլորը պետք է լինեն կուսակցական տոմսերով: Մենք միշտ ներգրավել ու ներգրավելու ենք լավագույն կադրերին երկրի պետական կառավարման համակարգում: Չենք ուզում լինել կոմունիստական կուսակցություն, չենք եղել և չենք էլ լինելու: Կուսակցական լինելը կուսակցական տոմս ունենալը քաղաքական տեսակետից կարևոր է կուսակցության համար, բայց դոգմա չէ, պոստուլատ չէ քաղաքական առջընթացի համար»:
Լրագրողի հարցին, թե Հանրապետական կուսակցությունը բարդույթներ չունի՞ սատարելու նախկինում ԲՀԿ-ական թեկնածուին, Աշոտյանն ի պատասխան նկատեց. «Կարծում եմ՝ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այսինքն՝ Սամվել Բալասանյանը որպես գործիչ, ավելի շատ հայտնի էր Գյումրիում իր աշխատանքով, քան երբ ստեղծվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»:
Նա լրագրողներին հորդորեց չզարմանալ, որ առաջիկայում «Հանրապետականի հետ աշխատող ու աշխատած քաղաքական ուժեր» ևս միանան Գյումրիում սպասվող ընտրարշավին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին