Վան Գոգն ականջն ամբողջությամբ է կտրել
Գտնվել է ապացույց, որ հոլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգը կտրել է իր ամբողջ ականջը և ոչ թե միայն բլթակը: Այդ մասին է վկայում հայտնաբերված նամակը, որը գրել է ֆրանսիական Արլ քաղաքի հոգեբուժարանի պրակտիկանտ Ֆելիքսա Ռեյան, ով հետևել է նկարչին: Այս մասին է գրում Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Telegraph-ին:
Նաև պարզվել է, որ Վան Գոգը կտրված ականջը տվել է ոչ թե մի մարմնավաճառի, այլ Գաբրիել անունով մի աղախնի, ով տուժել էր շան հարձակումից և աշխատում էր հասարակաց տանը, որպեսզի վճարեր բժշկական ծախսերը:
Հետազոտող Բերնադետ Մերֆին, ով հայտնաբերել է նամակը և դուրս եկել աղախնի հետքի վրա, ենթադրում է, որ նկարիչը, ում միտքն արդեն մթագնած է եղել, նման «նվեր» է արել՝ մտածելով, որ օգնում է աղջկան:
Մերֆիի աշխատանքի արդյունքները ներկայացվել են Ամստերդամում գտնվող Վան Գոգի թանգարանում: Ըստ The Telegraph-ի, փորձագետը գրել է «Վան Գոգի ականջը. Իրական պատմություն» վերնագրով գիրք: Աշխատանքի հիման վրա նաև վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որը ներկայացվելու է Բի-Բի-Սի-ով այս տարվա ընթացքում:
Վան Գոգը կտրել է իր ականջը 1880 թվականի դեկտեմբերին Արլում: Այս փաստը հաստատել են ականատեսները: Այնուհանդերձ, բրիտանական թերթը գրում է, որ վեճեր են գնացել այն մասին, թե որքանով էր վնասվել նկարչի ականջը, նաև այն մասին, թե ինչու էր նա կտրված ականջը տվել Ռաշել անունով աղջկան (ենթադրաբար՝ նա մարմնավաճառ էր, աշխատում էր տեղի հասարակաց տանը):
Ֆելիքսա Ռեյայի նամակն առաջին անգամ ցուցադրվելու է «Խելագարության եզրին» (On The Verge of Insanity) ցուցահանդեսում, որը տեղի է ունենալու հուլիսի 15-ից սեպտեմբերի 25-ը Վան Գոգի թանգարանում:
Վիքիպեդիայում ներկայացված վարկածով, 1888 թ. հոկտեմբերի 25-ին Արլ է գնացել նկարիչ Պոլ Գոգենը, որպեսզի Վան Գոգի հետ քննարկի արվեստանցի ստեղծմանը վերաբերող հարցեր: Նրանք սկսել են վիճել, դեկտեմբերի 23-ի հերթական վեճից հետո Վան Գոգը հարձակվել է ընկերոջ վրա՝ ձեռքին ածելի: Որևէ մեկը չի տուժել, սակայն հենց այդ նույն գիշեր Վան Գոգը կտրել է իր ականջի բլթակը՝ կամ զղջալով, կամ խելագարության պահին: Դեկտեմբերի 24-ին նրան տեղափոխել են հոգեբուժարան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում