
Վարչապետը Արթիկի մասին. Հեղեղատարի վրա ապօրինի շինությունը խոչընդոտել է ջրի հոսքին
Սելավից տուժած Արթիկի վնասները հաշվելու համար ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում անհրաժեշտ գումարներ են հատկացվել հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացման համար, այդ թվում՝ քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաև բնակելի տներին հարակից հեղեղատարի վնասված հատվածների վերանորոգման համար: Կատարված աշխատանքներին այսօր ծանոթացել է աշխատանքային այցով Արթիկ մեկնած վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հեղեղի վնասների վերականգնման գործընթացն ընթանում է հաջողությամբ և զգալի աշխատանքներ են իրականացվել: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հանձնաժողովի ներկայացրած գնահատականների հիման վրա տուժած արթիկցիներին ցուցաբերված օգնությունն, ըստ հիմնավորումների, կառավարությունը ևս մեկ անգամ կվերանայի:
Նա նշել է, որ կառավարությունն արդեն իսկ հատկացրել է 41 մլն դրամ, միջոցներ են տրամադրվել նաև քաղաքապետարանի և որոշ գերատեսչությունների կողմից՝ տեխնիկայի ներգրավման և վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով: Անդրադառնալով հեղեղատարի վրա կառուցված ապօրինի շինության մասին հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն խոչընդոտել է ջրի հոսքին. շինության հարցը կքննարկվի և կկայացավի համապատասխան որոշում:
Այնուհետև վարչապետն այցելել է կարկտահարությունից տուժած Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի այգիներ, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետներում ավարտել կարկտահարության վնասների ուսումնասիրությունը, որից հետո կառավարությունը կքննարկի տուժած գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու հնարավորություններն ու տարբերակները: