Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը»՝ նոր հրատարակությամբ
Հուլիսի 14-ին «Զանգակ» հրատարակչությունը ընթերցողներին է ներկայացվելու Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը» վիպակը: Այս մասին տեղեկանում ենք «Զանգակ»-ի ֆեյսբուքյան էջից:
«Ընթերցող լայն հասարակությանը «Գույնզգույն թագավորությունը» ծանոթ չէ: Մկրտիչ Արմենի այս հրաշալի գրվածքն անկասկած լրացնում է հայ հրաշապատում վեպի ժանրում նկատելի բացը: Պատանի ընթերցողին ենք թողնում դատել` որն է հեքիաթի կարգավիճակը, արդյո՞ք այն Ք.Ս. Լուիսի «Նարնիայի ժամանակագրության» կամ Հ.Ք. Անդերսենի «Ձյունե թագուհու» ուրույն` հայկական համարժեքը չէ: Անժխտելի է մի բան. «Գույնզգույն թագավորությունը» ապրված հեքիաթ է, գեղեցիկ, վարպետորեն շարադրված հրաշապատում հորինվածք` հարուստ` գունային խորհրդաբանությամբ, կայացած կերպարներով ու փառահեղ ձյունեղեն բնապատկերներով: Վիպակի նոր հրատարակությունը ժամանակի հրամայականն է»,- ասել է հեքիաթագետ, թարգմանիչ, Հայ մանկապատանեկան գրականություն շարքի նախագծի հեղինակ է Ալվարդ Ջիվանյանը:
«Գույնզգույն թագավորությունը» վիպակի նկարազարդումները կատարել է անիմացիայի ռեժիսոր, նկարիչ, անիմացիոն ֆիլմերի հեղինակ Նաիրա Մուրադյանը:
Արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ Մկրտիչ Արմենը 1937-ին, ի թիվս այլ մտավորականների, ձերբակալվել է որպես «ժողովրդի թշնամի» և աքսորավայրում անցկացրել 8 տարի: «Գույնզգույն թագավարություն» վիպակը խորհրդանշում է նրա վերադարձը դեպի ազատություն և գրականություն:
Հավերժ ձմռան թագավորությունում ապրող Կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գույնզգույն Թագավորության գոյությունը և հսկում Վերջին ձկնագլխի օրվա հաշիվը: Մինչդեռ ոգևորված պառավ Խարունայի պատմություններից՝ երեխաներն Իլե Տրապնայի առաջնորդությամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գույների և համերի թագավորությունը: Մոլորվելու և սառչելու մեծ վտանգը հաղթահարելով՝ նրանք կեսգիշերին բախվում են Չհալչող սառցե տան պատերին…
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում