Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության կասկածյալն ապրում էր սպանվածներին պատկանող տանը
Ախալքալաքի շրջանի հայաբնակ Վաչիան գյուղում հուլիսի 10-ի գիշերը դաժան սպանության զոհ դարձած Քաչոտյան ընտանիքի և նրանց սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի տները իրարից ընդամենը 100 մետր հեռավորության վրա են գտնվում: Այս մասին գրում է «Ալիք» լրատվամիջոցը:
«Հարևաններից» 100 մետր հեռավորության վրա է գտնվում նաև գյուղի գերեզմանատունը, որտեղ հուլիսի 13-ին, տեղի ունեցավ Քաչոտյանների հուղարկավորությունը:
Գյուղի բնակիչների հետ ունեցած զրույցներից լրատվամիջոցը պարզել է, որ դաժան սպանության մեջ մեղադրվող Նոդարի հայրը Տաբածկղուրիից է եղել: Նա Վաչիանում չի ծնվել, սակայն փոքր տարիքից ապրել է գյուղում: Ամուսնացել է համագյուղացու հետ և ապրել հարևանությամբ գտնվող` Քաչոտյաններին պատկանող տանը: Մարդասպանության մեջ մեղադրվող Ակոպովի կինը հղի է և հանցագործությունից հետո վրեժխնդրությունից խուսափելու նպատակով Ոստիկանությունը ընտանիքը տեղափոխել է:
«Գյուղացիներից ոմանք գտնում են, որ տղան (նկատի ունի Նոդար Ակոպովին) սպանության նպատակով չի մտել տուն, նա պարզապես փողի կարիք է ունեցել: «Խաղացել՝ պարտվել է երևի, կամ բանկում է պարտք ունեցել»,- ասում են յուղացիները:
Ենթադրություններ կան, թե մարդասպանը դիմակով ներխուժել է տուն և փող պահանջել, երբ Օֆելյան փողը տվել է, դուրս գալու պահին ձայնից ճանաչել է հարևանին, տվել է նրա անունը հարցրել է «դու ե՞ս», տղան այդ պահին խուճապից հարվածել է, ձայնի վրա են եկել նաև երեխաները…
Հաջորդ օրը առավոտյան, երբ Օֆելյայի ծնողները հայտնաբերել են դիակներն ու օգնություն կանչել, այդ տղան նույնպես այնտեղ է եղել, իբր ոչինչից տեղյակ չէ: Հետո, երբ Ոստիկանությունը գյուղի երկու տասնյակ երիտասարդների հետ Նոդար Ակոպովին տարել է քննելու որպես կասկածյալի, վերջինս` ինքնախոստովանականով է հանդես եկել:
Նույն օրը, Վրաստանի ՆԳՆ-ը փոքրիկ տեսանյութ հրապարակեց, որտեղ Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ Ակոպովը (տեսանյութում դեմքը փակված է), հանցագործության վայրում` Քաչոտյանների տանը անվտանգության աշխատակիցներին ներկայացնում է եղելությունը:
Հարևաններից մեկը «Ալիք»-ի հետ զրույցում նշել է, որ հանցագոծության մասին նա և մի շարք այլ գյուղացիներ իմացել են միայն հաջորդ օրը: «Երեխաները ասացին, թե Վաղո հոպարի տանը հրդեհ է բռնկվել: Այդպես էր տարածվել, իրականում կրակ չկար: Դեպքը գիշերն է պատահել, իսկ առավոտյան առաջինը նրանց մահացած կնոջ ծնողներն են տեսել»,- պատմել են համագյուղացիները:
Գյուղի բնակիչների տարբեր վարկածներ էին ասում, իբր հանցագործությանը մասնակցել են մի քանի հոգի: Ներկայում, սակայն, ձերբակալված է միայն մեկ հոգի` Նոդար Ակոպովը:
Ակոպովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հուլիսի 13-ին: Մեղադրող կողմը պահանջում է քրեական գործը քննել` կանխամտածված սպանության մեղադրանքով: Նշվում է նաև, թե չի բացառվում սպանությունների մեջ մի քանի անձանց հնարավոր ներգրավվածությունը, սակայն այս պահին դեռեւս, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը զերծ է մնում մեկնաբանություններից:
Հարակից հրապարակումներ`
- Տեղի է ունեցել Ախալքալաքում սպանված հայ ընտանիքի հուղարկավորությունը
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործը բացահայտվել է
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործով ձերբակալված կա