Արցախի նախագահականում տեղյակ են Վիտալի Բալասանյանի նամակի մասին
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի բաց նամակի մասին Արցախի նախագահականում տեղյակ են:
«Այդ նամակը ստացել ենք, այն հրապարակվել է տարբեր տեղեր, բաց է եղել: Եթե պատասխան լինի հանրությունը կտեղեկանա, թե ինչ զրգացումներ կլինեն», -նամակի վերաբերյալ Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Այսօր Վիտալի Բալասանյանը հանդես էր եկել բաց նամակով, որով խնդրում էր ներում շնորհել իր նկատմամբ մահափորձ իրականացրած դատապարտյալներին:
2013 թվականի դեկտեմբերի 29-ին Բալասանյանի դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք էր առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման էին ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի):
«Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը», -նամակում գրել էր Բալասանյանը: