Ժակլին Բիսեթը երևանյան «Ոսկե ծիրանին» հյուր է
«Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնը հյուրընկալել է հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթին: Փառատոնային օրերին ցուցադրվելու է նրա դերակատարմամբ երեք նշանավոր կինոնկար:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժակլին Բիսեթն ասաց, որ շնորհակալ է փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին, որ իրեն հրավիրեց ներկա գտնվելու այս փառատոնին: Դերասանուհին բավական մանրամասն պատասխանեց հայ լրագրողների տարաբնույթ հարցերին՝ կինոյի, երջանկության, դերասանների, քաղաքականության մասին:
Հայաստանի և հայերի մասին
Դեռ երկար չեմ Հայաստանում, որ դատողություններ անեմ: Բայց հյուրանոցը սքանչելի է, ինձ էլ շատ լավ են նայում: Նմանօրինակ փառատոներին մասնակցելը մեծ արտոնություն է, բայց իմ սովորական հետաքրքրությունների մեջ չի մտնում այսօրինակ պանծալի միջոցառումները: Հույս ունեմ՝ գալիք երեք օրվա ընթացքում կկարողանամ իրական կյանքը նույնպես հայտնաբերել: Հուսով եմ՝ կտեսնեմ գեղեցիկ ճարտարապետություն, բայց չգիտեմ՝ որ ծայրից սկսել:
Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց Լոս Անջելեսում շատ հայերի եմ ճանաչում: Նրանք հայրենիքի սերը պահում են սրտներում: Զարմանալի է, թե կյանքում քանի հայի եմ հանդիպել: Երբ նրանց ասում էի, որ Հայաստան եմ գնում, խանդավառվում էին, դեմքները լուսավորվում էր: Գիտեմ, որ ձեր երկիրը տարիների ընթացքում շատ դժվարությունների միջով է անցել, շատ դժվարությունների է բախվել, մեծ տառապանքներ է ունեցել, որի համար ցավում եմ: Բայց արդեն հասկացել եմ, որ դուք քեֆչի ժողովուրդ եք:
Լավ կինոյի մասին
Նախ և առաջ՝ լավ սցենար: Առան սցենարի բան դուրս չի գա: Այսինք ինձ համար թիվ մեկը սցենարի հեղինակն է: Ռեժիսորն առանց սցենարի ի՞նչ է անելու: Մենք բոլորս իրար պետք ենք: Հին ասացվածք կա՝ եթե թղթի վրա չկա, էկրանի վրա էլ չկա: Դա, իսկապես, ճիշտ է ասված: Մարդիկ կան, որ քիչ խոսքերով, հարուստ տեսաշարով ֆիլմեր են նկարում: Բայց նույնիսկ շատ քիչ խոսքով ֆիլմում խոսքերի միջև ընկած տարածքն էլ իմաստալի է ու նշանակալից: Միշտ պետք է մի գիծ լինի, սյուժե, որ ամեն ինչ ի մի է բերում:
Ավելի տարեց ռեժիսորների հետ աշխատելիս այս ամեն ինչը լավ յուրացրեցի: Հասկացա, որ պատմությունը ֆիլմում պետք է միշտ առաջ մղել: Ի հեճուկս այն փաստի, որ դերասանների մեծ մասը սիրում են խոշոր պլաններ, միշտ չէ, որ սյուժեն դա պատճառաբանում է կամ անհրաժեշտ է դարձնում: Երբ ես սկսնակ էի, ինչպես նաև բոլոր սկսնակները, ուզում են հնարավորինս շատ խոշոր պլաններ լինեն, այդպես դեմքը, աչքերն ավելի արտահայտիչ է երևում, ինչն ավելի մտերմիկ է հաղորդում դերասանությունը: Բավականին ժամանակ անցավ, մինչև հասկացա, ընկալեցի, որ մարմնով կարելի է արտահայտել շատ ավելի հարուստ զգացմունքներ:
Խաղընկերների մասին
Շատ են, ում հետ հետաքրքիր էր աշխատել: Նա, ով իր դերի համար ճիշտ է ընտրված, միշտ էլ լավ է: Շատ մեծ դերասաններ կան, կարևորն ընտրությունն է, ով ինչ խաղա: Դա է անկյունաքարը: Եթե դերասանին իրեն հարմար դեր ես տալիս, վստահություն ներշնչում, շատ լավ կխաղա: Հաճելի է շռայլ հոգով մարդու հետ խաղալը, որովհետև իրենք միայն իրենց մասին չեն մտածում, ուզում են, որ դու ես լավ երևաս: Ինձ մոտ քիչ է եղել անհաջող փորձառություն մյուս դերասանների հետ:
Եվս մեկ հնարավորության դեպքում կրկին կընտրեր դերասանի մասնագիտությունը
Ինձ թվում է՝ կուզեի կրկին դերասանուհի լինել, բազմակողմանի երևույթ է: Դպրոցից հետո չգիտեի՝ ինչ եմ ուզում անել: Բայց գիտեի, որ ինձ մարդիկ էին հետաքրքրում, հոգեբանությունը, անգլերենը, գրականությունը, դասական երաժշտությունը, արվեստը, լուսանկարչությունը: Ուզում էի աշխարհը տեսնել: Մտածեցի, թե ո՞ր մասնագիտությունն է այս ամենը միավորում: Ինքնավստահությունս չէր բավարարում, որ ինձ երևակայեի դերասանուհի: 15 տարեկանում լատիներենի ուսուցչուհիս ասաց, որ շատախոս աղջիկ եմ, կարող եմ լավ դերասան լինեմ: Նույնիսկ չհասկացա, թե ինչպես ընկալեմ այդ ամենը: Երեք տարի անց Լոնդոնում մի ընթրիքի էի հրավիրված: Ռեժիսոր Ռոման Պոլանսկին էլ էր ներկա: Այլ մարդիկ էլ կային: Խելոք նստած էի, ձայն չէի հանում: Ինձ ասաց, որ իմ բնույթն այնպիսին է, որ կարող եմ լավ դերասանուհի լինել: Նրա ասածը լրիվ հակառակն էր լատիներենի ուսուցչուհուս ասածի: Այդ սերմը ծլարձակեց, ու ես ինձ թույլ տվեցի մտածել՝ գուցե բան չեմ հասկանում, բայց գնամ դասերի: Այդ ժամանակ ծնողներիս ինձ թույլ էին տալիս արտասահմանյան ֆիլմեր նայել: Նայեցի ու հասկացա, որ այլ աշխարհ է, մտածեցի, որ գուցե փորձեմ: Այս գործում ամենալավն այն է, որ մարդկանց հետ ես շփվում, ուսումնասիրում նրանց վարքագիծը: Ինձ ասել էին, որ կարող էի լավ հոգեբան դառնալ, նաև լրագրող: Ինձ դուր է գալիս լրագրությունը:
Հնարավոր է լինել երջանիկ՝ լինելով չամուսնացած և առանց երեխայի
Միանգամայն հնարավոր է: Իսկ ո՞վ ասաց, որ ամուսնությունն ու երջանկությունը հոմանիշներ են: Պետք է այն դրսևորումը գտնես, որում քո հարաբերությունները նրա հետ, ում սիրում ես, հնարավորինս հարստացնող լինեն: Բայց դա ի՞նչ կապ ունի պաշտոնական գրագրության հետ: Դեմ չեմ ամուսնությանը: Իմ ընտանիքի օրինակը բերեմ՝ մորս համար որևէ առավելություն չտեսա, բացի նրանց, որ երեխաներ ունեցավ:
Ժակլին Բիսեթը Անջելինա Ջոլիի կնքամայրն է
Այդքան լավ իրար չենք ճանաչում: Մոր հոտ էի բավական մոտ: Դեմ չէի լինի ավելի մտերմանալ, բայց շատ զբաղված է: Այնքան բաների հետևից է ընկնում: Չեմ կարծում, որ իմ կարիքն ունի: Բայց հպարտանում եմ նրանով, արտակարգ, անսովոր, իմաստուն կին է: Հույս ունեմ, դեռ կկարողանամ ավելի լավ ճանաչել նրան:
Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ դերասանուհի համարվող Ժակլին Բիսեթի համար շատ ավելի կարևոր է գրավիչ լինելը, քան գեղեցիկ
Ամենագեղեցիկ դերասանուհի… ի՞նչ է ինձ տալիս: Անկեղծ ասամ՝ երկու բան: Նախ բոլոր մյուս կանանց համար վիրավորական է հնչում ու ընդհանրապես, զավեշտալի բան է: Ասում են՝ ճաշակին ընկեր չկա: Ես ինքս երբեմն համոզված չեմ եղել, որ գեղեցկուհի եմ: Առօրյա կյանքում երկփեղկվածություն է առաջացնում: Տեսականորեն գիտեմ, որ ոմանք ինձ գեղեցիկ կին են համարում, բայց չեմ հավատում, որ կյանքը դրան է վերաբերում: Շատ ավելի գրավիչ է, երբ մարդն աշխույժ է, էներգիայով լի, մարդկանց առջև բաց: Իհարկե, հաճելի է, որ քեզ գրավիչ են գտնում, բայց ինձ թվում է, որ գրավիչ լինելն ավելի կարևոր է, քան գեղեցիկ: Դա է քեզ կյանքի միջով անցկացնում:
Լարվածություն է ստեղծում, քեզանից բաներ են սպասում, ակնալում: Եթե շատ ճաճանչափայլ հագնվես, մարդիկ կասեն, որ երևի լավ դերասանուհի չէ, դրանով է տեղը հանում: Եթե շատ ամենօրյա հագնես, կհիասթափվեն ինչ-որ չափով: Բոլորն ինչ-որ պատկերացումներ ունեն: Համացանցը մղձավանջ է դարձել դերասանների համար:
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի մասին
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը կազդի անգլիական կինեմատոգրաֆիայի, թատրոնի, շոու բիզնեսի վրա: Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու: Ինձ թվում է՝ ժողովուրդը լավ չմտածեց՝ ինչպես քվեարկել: Կուզեի, որ Բրիտանիան մնար Եվրամիության կազմում: Մտահոգված եմ երիտասարդների համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրան»-ը յուրօրինակ խաչմերուկ է
- Հայաստանում օտարերկրյա առաքելությունները հաճույքով են համագործակցում «Ոսկե ծիրան» փառատոնի հետ
- «Ոսկե ծիրան». Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին գալու է Հայաստան
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
- «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն. Շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին