Chatham House-ի զեկույցը ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ
Chatham House բրիտանական վերլուծական կենտրոնը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույց է հրապարակել, որտեղ դիտարկվել են ապրիլյան քառօրյա պատերազմը և դրա ունեցած հետևանքները:
Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարևորությանը և եվրոպական տարածաշրջանի անվտանգության գոտու համար ունեցած յուրահատուկ նշանակությանը. «2016թ-ի ապրիլին բռնության աճից հետո միջազգային հանրությունը փխրուն հրադադարի ռեժիմի պահպանման ջանքերից անցում կատարեց պատերազմի կանխարգելմանը»:
«Բանակցությունները շարունակում են փակուղում մնալ` առանց կողմերից որևէ մեկի դիրքորոշման արմատական փոփոխության: Դրա արդյունքում առավել տուժած և վերազինված Ադրբեջանը սահմանային բռնությունները դիտարկում է որպես ճնշման հիմնական գործիք, որպեսզի կանխարգելի «սառեցված հակամարտության» անժամկետ ձգձգումը», - նշված է զեկույցում:
Զեկույցի հեղինակ Լոուրենս Բրոյերսի մեկնաբանությամբ` Ադրբեջանը ապրիլի 2-5-ը տեղի ունեցած իրադարձությունները ներկայացնում է որպես տակտիկական և հոգեբանական հաղթանակ, սակայն գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմին անցած հողակտորները նվազ ռազմավարական նշանակություն ունեն:
«Առավել կարևոր փոփոխությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև զսպող մեխանիզմների քայքայումն է», - նկատում է հեղինակը:
Բրոյերսը նաև նկատում է, որ 90-ականներին ձևավորված Մինսկի խմբի ձևաչափն այս հակամարտության համար հնացած է ու սահմանափակ հնարավորություններ ունի:
«Դա բերել է նրան, որ անվտանգության միջոցների ձեռնարկման նախաձեռնողականության մանդատն այդ կառույցից անցել է Ռուսաստանին, որն էլ նախաձեռնել է ստեղծել զսպող մեխանիզմներ, որոնք կկանխեն պատերազմի վերսկսումը», - ընդգծում է հեղինակը:
Որպես եզրակացություն` զեկույցում նշվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ներկայումս անվտանգության վակուումի մեջ են գտնվում, որը պետք է լրացվի միջազգային բազմակողմ գործողություններով: Իսկ այս վերջինի համար անհրաժեշտ է, որ միջազգային հարթակում գլխավոր դերակատարների միջև գոյություն ունենա կոնսենսուս` բռնության կանխարգելման հաշվով:
«Կազմակերպչական և գործընթացային քաշքշուկները, աշխարհաքաղաքական մցակցությունը հարևան տարածաշրջաններում, կողմերի երեսպաշտությունը և միմյանց նկատմամբ խորը անվստահությունը, ինչպես նաև երկու կողմերի էլիտաների մոտ խորհրդանշական ազգայնականության տարրերը մնում են որպես գլխավոր խոչընդոտ այլընտրանքային ստատուս-քվոյի շուրջ բանակցությունների համար: Այս գործոնները բռնության կանխարգելման մեխանիզմների քայքայման հետ համատեղ պատերազմի բռնկման նշանակալի ռիսկ են ստեղծում», - որպես եզրակացություն նշված է զեկույցում:
Հարակից հրապարակումներ`
- El Manifesto: Քառօրյա պատերազմ, որ մնաց աննկատ
- Սերժ Սարգսյան. Քառօրյա պատերազմից հետո տրամաբանական չէ խոսել բանակցությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան