Փոխզիջումը պետք է լինի համարժեք. Դավիթ Բաբայան
Պաշտոնական Ստեփանակերտը այսօր, հուլիսի 14-ին, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի մոսկվոյան հանդիպումներից, որի օրակարգում լինելու է ղարաբաղյան հակամարտության խնդիրը, դրական ակնկալիքներ ունի: Այդ մասին Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Մենք արժևորում ենք նման հանդիպումները, մանավանդ որ այսպիսի երկու հեղինակավոր պետություն, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՄԱԿ-ի ԱԽ անդամ են, շահագրգռված են, որ հակամարտությունը կարգավորվի ու կարգավորվի խաղաղ ճանապարհով: Միգուցե նման հանդիպումների ժամանակ ինչ-որ քայլ կկատարվի մեխանիզմների մշակման ուղղությամբ, որոնք պետք է խաղաղությունն ու կայունությունը էլ ավելի ամրապնդեն», -հավելեց պարոն Բաբայանը:
Դիտարկմանը, թե բանակցող կողմերի՝ Վիեննայում, այնուհետև Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներից հետո սահմանային միջադեպերի հետաքննող մեխանիզմների ներդրման ուղղությամբ շոշափելի առաջընթաց չկա, Բաբայանը արձագանքեց, որ դա երկարատև գործընթաց է ու հավելեց.
«Վիեննայում եղել է ընդհանուր համաձայնություն կողմերի միջև, ինչը շատ կարևոր է: Նույնը եղել է նաև Սանկտ Պետերբուրգում: Սա այնքան երկարատև գործընթաց է, որ համաձայնությունից հետո պետք է սկսվի մշակման պրոցես, որը նույնպես շատ բարդ է: Ներկա դրությամբ դեռևս պետք չէ ասել, թե առաջընթաց չկա:
Կարևորն այն է, որ մեկնարկել է, բայց որևէ մեկը չի ասել, թե մեխանիզմների ներդրումը պետք է մեկ ամսում կամ չգիտեմ՝ երեք ժամում պետք է տեղի ունենա: Սա շատ երկարատև գործընթաց է»:
Նրա խոսքով, մեխանիզմների ներդրման գործընթացի ձգձգումը կարող է լինել նաև Ադրբեջանի պատճառով, քանզի այդ երկիրը հայտնի է իր «ապակառուցողական քաղաքականությամբ»:
Անդրադառնալով հայաստանյան քաղաքագիտական շրջանակներում տարածված այն տեսակետին, որ բանակցային սեղանին դրված է լրամշակված կազանյան փաստաթուղթը, որով հայկական կողմը զիջում է որոշակի տարածքներ ԼՂ միջանկյալ կարգավիճակի դիմաց, Բաբայանն ասաց, որ դրանք շահարկումներ են:
«Դա չի նշանակում, թե իրավիճակն այդպիսին է: Նախ և առաջ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը. Եթե չենք մասնակցել այս կամ այն բանակցություններին կամ այ կամ այն քննարկմանը, ինչպե՞ս կարող ենք պարտավորություն վերցնել մեզ վրա: Մենք կարող ենք պարտավորություն վերցնել մեզ վրա, որպեսզի խաղաղությունը պահպանվի, քանի որ համարվում ենք 1994 թվականին կնքված զինադադարի համաձայնագրի անմիջական կողմ: Մնացած դեպքերում, մինչև բանակցային գործընթացի մասին հստակ տեղեկություն չլինի, խոսել այս կամ այն լուծման մասին, ճիշտ չէ», -հավելեց ԼՂՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Նա վերահաստատեց պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով ու հավելեց.
«Բայց ինչպիսի՞ փոխզջում: Չի կարող լինել զիջում, այն էլ՝ միակողմանի: Փոխզիջումը պետք է լինի համարժեք: Այդ փոխզիջումը կամ կարգավորումը չպետք է գայթակղություն ստեղծի Ադրբեջանի մոտ, որպեսզի նա հարցը կարգավորի ռազմական ճանապարհով: Մենք ասել ենք, որ չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին