Արսեն Ղազարյան. Խելամիտ կլիներ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դիվերսիֆիկացնել դեպի Իրան և արաբական երկրներ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Ուրվագիծ» հաղորդաշարին տված հարցազրույցում հերքել է շրջանառվող լուրերը, թե Լարսում տեղի է ունեցել մեր նկատմամբ դիվերսիա:
Նա հավաստիացրել է, որ այդ ճանապարհի փակվելը սոսկ տարերային աղետի հետևանք էր, նաև փաստել, որ այս անգամ վրացական իշխանությունները արձագանքեցին շատ արագ:
Անդրադառնալով անցակետի փակման հետևանքներին, Ղազարյանը նշել է. «Արտահանումը դանդաղեց, ծիրանի բերքի որոշ մասը փչացավ, ովքեր իրենց ապրանքը տեղափոխեցին լաստանավով, նրանց ապրանքի ինքնարժեքը բարձրացավ»:
Հաղորդման հյուրը արձանագրել է, որ Լարսը Հայաստանը Ռուսաստանին կապող գործող ավտոմոբիլային միակ ճանապարհն է, որը մշտապես վտանգի տակ է, իսկ սեփական լաստանավ պահելու համար պետությունը ամեն տարվա բյուջեում պետք է նախատեսի սուբսիդիա:
Նման պայմաններում ամբողջ արտահանումը մեկ շուկայի վրա կողմնորոշելը, Ղազարյանի կարծիքով, սխալ է: Գործարարը կարծիք է հայտնել, որ Հայաստանին պարտադրված աշխարհաքաղաքական պայմաններում ավելի խելամիտ կլիներ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դիվերսիֆիկացնել դեպի Իրան և արաբական երկրներ:
Խոսելով տնտեսական ոլորտում վերջին բարեփոխումների մասին՝ Ղազարյանը դրական է գնահատել ՊԵԿ-ի անջատումը ֆինանսների նախարարությունից. վերջին մի քանի ամիսներին նվազել են հարկային ստուգումները, գերավճարների ինստիտուտը գրեթե զրոյի է հասցվել, ՊԵԿ հետաքննչական մարմինը գրեթե իսպառ դադարեցրել է տարբեր հարցերով գործարարներին անհանգստացնելը: