Ազգային պատկերասրահը նախատեսում է Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես կազմակերպել
Հայաստանի Ազգային պատկերասրահը ծրագրել է 2017-ին կազմակերպել ցուցահանդես և անցկացնել համաժողով՝ նվիրված հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին: Panorama.am-ին տեղեկացրեցին Ազգային պատկերասրահի հանրային կապերի բաժնից:
«Հուսանք, որ ոչ մի բան չի խանգարի և կկարողանանք հաջորդ տարի իրականացնել այդ ծրագրերը»,- ասացին պատկերասրահից:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես: Տարբեր թանգարաններից, այդ թվում նաև Հայաստանի Ազգային պատկերասրահից, նկարչի աշխատանքներ են տարվել Տրետյակովյան պատկերասրահ՝ ցուցահանդեսում ներկայացնելու համար:
2017-ին նախատեսված է ցուցահանդես նաև Ղրիմում՝ Թեոդոսիայի պատկերասրահում:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմն Այվազովսկու 38 կտավ տվել է Տրետյակովյան պատկերասրահին
- Տրետյակովյան պատկերասրահը հանուն Այվազովսկու ցուցահանդեսի առաջին անգամ տոմսերի առցանց վաճառք է կիրառում
- Ռուսական թանգարանը երեք ամսով Տրետյակովյան պատկերասրահին է տալիս Հովհաննես Այվազովսկու 33 կտավ
- Հայաստանի Ազգային պատկերասրահում պահվող Այվազովսկու 12 կտավ ցուցադրվելու է Մոսկվայում
- Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված Տրետյակովյան պատկերասրահը կազմակերպելու է ցուցահանդես
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան