Քամին խոչընդոտում է «Արևիկ Ազգային Պարկի» հրդեհաշիջմանը
«Արևիկ Ազգային Պարկի» տարածքում դեռևս նախօրեին բռնկված հրդեհի՝ դեպի բնակելի և անտառապատ տարածքներ հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով այսօր ժամը 12.30-ի դրությամբ Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչներ իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ժամը 13.55-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից 4 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում:
Դեպքի վայրում առկա է քամի, ինչը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին: Հրշեջ-փրկարարների կողմից իրականցվում է հսկողություն հրդեհի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:
ԱԻՆ-ից դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ ԱԻՆ փրկարար ծառայություն հուլիսի 13-ին ժամը 14.43-ին ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում էր խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արևիկ» ազգային պարկի 13 և «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից: Հրդեհի օջախը գտնվում էր անանցանելի, ժայռոտ հատվածում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում էր կայացվել դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները և շարունակել այսօր: