Արծվիկ Մինասյանը հստակեցումներ է մտցնում սոցփաթեթի մասով
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր գործադիրի նիստում, անդրադառնալով սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի ուսումնասիրության վերաբերյալ Վերահսկիչ պալատի նախագահի դիտարկումներին, նշեց, որ պետք է որոշակի հստակեցում մտցնել:
Նախ, ըստ նրա, սոցիալական փաթեթը 4 հիմնական ուղղություններով է:
«Առողջապահությունից զատ՝ կա նաև կրթության ֆինանսավորում, հիպոթեքային վարկավորում, ինչպես նաև հանգստի կազմակերպում: 10.9 մլրդ դրամը, որ 2016թ. բյուջեով նախատեսված է, մնացած երեք ուղղություններով է՝ առողջապահականից զատ, իսկ ուսումնասիրությունը կատարվել է միայն հանգստի բաղադրիչով: Այսինքն՝ այս 10.9 մլրդը չի վերաբերում միայն հանգստին՝ չնայած դրա գերակշիռ մասն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե հանգստի կազմակերպման մասով ծախսերը կատարվում են զբոսաշրջային օպերատորների կողմից, որոնց լիցենզավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, նախարարն ասաց, որ համակարգում լիցենազավորում չկա, կա հաշվառում, որի նպատակը տուրօպերատորների հաշվառում իրականացնելն է, որպեսզի բոլոր հանգստյան տները և առողջարանային հաստատություններն իմանան, թե որ կազմակերպությունների հետ կարող են կազմակերպել այդ գործունեությունը:
«Եվ ունենք հանգստյան տների որակավորման համակարգ: Արտահայտությունը, որ հաշվառումը ձևական է եղել, կարծում եմ՝ ավելի շատ պետք է վերագրել ոչ թե նրան, որ հաշվառման նախատեսված ընթացակարգերը չեն պահպանվել, այլ այն, որ համապատասխան վերահսկողական համակարգը ուժեղ չէ, որ կարողանա լիարժեք իրականացնել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին, ըստ որի՝ էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությունները Վերահսկիչ պալատի հետ միասին ուսումնասիրություններ պետք է իրականացնեն, ասաց, որ այս ընթացքում ակտիվ աշխատել են ՎՊ-ի հետ, որպեսզի բացառվի հնարավոր անարդյունավետ գործունեությունը:
«Տվյալ դեպքում խոսքը չպիտի գնա քրեական հանցակազմի մասին, առավել ևս երբ խոսում ենք մասնավոր և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասին գոնե այս պահին:
«Ապօրինի կանխիկացում» արտահայտությունն էլ, կարծում եմ, այստեղ տեղին չէ, քանի որ արգելված չէ դրա կանխիկացումը: Սահմանափակումներ կան, բայց արգելված չէ, հետևաբար՝ մենք պետք է խոսենք հասցեականության բարձրացման և արդյունավետությունն ավելի առաջ տանելու մասին, որպեսզի քաղաքացիների մոտ էլ տպավորություն չստեղծվի, թե առհասարակ այս բաղադրիչը հանվում է»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վերահսկիչ պալատը սոցփաթեթների հանգստի բաղադրիչի մասով հյուրանոցներում 300 մլն դրամի խախտում է հայտնաբերել
- Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչում ստուգումների համար ՎՊ-ն վերջնաժամկետ չունի
- Սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի
- Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել սոցիալական փաթեթի օգտագործման խախտումները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան