«Արևիկ Ազգային Պարկի» տարածքում բռնկված հրդեհը մեկ օր է չի հաջողվում մարել
Արտակարգ իրավիճակների նախարարություն նախօրեին ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա-ն՝ «Արևիկ Ազգային Պարկի» տարածքում:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արևիկ Ազգային Պարկի» 13 և «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից:
Տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում, անվտանգության նկատառումներից ելնելով որոշում է կայացվել դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները և շարունակել հուլիսի 14-ին՝ ժամը 06.00-ին:
Հրդեհի հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ դեպի բնակելի և անտառապատ տարածքներում հրշեջների և «Արևիկ Ազգային Պարկի» 3 աշխատակիցների ուժերով ժամը 20.20-ից սահմանվել է հերթապահություն:
Այսօր ժամը 06.10-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ Ազգային Պարկի» 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչ (ժ.06:47-ին հասնելով սարի ստորոտին՝ ճանապարհի մնացած հատվածն շարունակել են ոտքով):