Եթե դաշինք չստացվի, միայնակ կմասնակցենք Գյումրիի ընտրություններին. ԳԱԼԱ
Հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին Գյումրիի նորաստեղծ Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ) կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, թե ում է առաջադրելու քաղաքապետի թեկնածու և արդյոք ընտրություններին մասնակցելու են դաշինքո՞վ, թե՞ առանց դաշինքի:
«Առայժմ հանդիպումներ ենք ունենում քաղաքական գործիչների հետ, բայց վերջնական հստակեցված չէ որևէ բան», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է այդուհանդերձ, որոշվի չմասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, Վարդանյանը պատասխանեց. «Բացառված է: Անկախ ամեն ինչից, անգամ եթե չստացվի դաշինքով հանդես գալ, մենք միայնակ կմասնակցենք ընտրական գործընթացներին, բայց դա ցանկալի չէ: Այնպես որ արվելու է ամեն ինչ, որ ուժեղ թիմով ներկայացված լինենք և համախմբված լինենք ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ դաշինքով մասնակցենք առաջիկա ընտրական գործընթացներին»:
Վարդանյանի փոխանցմամբ, ԳԱԼԱ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել «Ժառանգություն», Հայ Ազգայի կոնգրես, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ:
«Տեսնենք՝ այդ հանդիպումների արդյունքում ինչ ֆորմատ հնարավոր կլինի ձևավորել, ովքեր կմտնեն դաշինքի կազմ», -հավելեց Արմենուհի Վարդանյանը:
Նկատենք, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանական թևն արդեն կողմնորոշվել է, և Հանրապետական կուսակցությունը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ դաշինքով առաջադրում են գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Դիտարկմանը, թե իշխանական ճամբարում որոշակիություն կա և արդեն իսկ դաշինքներ են կազմվում, բայց ընդդիմությունը հապաղում է կա՞ն տարաձայնություններ, անհամաձայնություններ այդ ճակատում, Վարդանյանը պատասխանեց, որ «լրջագույն տարաձայնություններ չկան»:
«Դեռևս չենք հասել թեկնածուի մասին քննարկումներին, առայժմ միայն որոշում ենք, թե ովքեր կլինեն դաշինքի կազմում: Սպասում ենք վերջնական դիրքորոշումների հստակեցմանը», -հավելեց panorama.am-ի զրուցակիցը՝ ընդգծելով, որ մեկ-երկու շաբաթից պատկերը կհստակեցվի:
Նրա խոսքով, Հանրապետական կուսակցությունը Գյումրիում հեղինակազրկված է, հետևաբար որոշել են Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ կազմել դաշինք. «Հանրապետական կուսակցությունը այստեղ ոչ միայն թիմ չունի, այլ նաև ներկայացուցիչ չունի: ՀՀԿ հնաբնակներից որևէ մեկին իշխանությունները չառաջադրեցին, և ընտրվեց Սամվել Բալասանյանը: Դաշինք ասվածը ամենևին չի ուժեղացնում ՀՀԿ-ին, որովհետև նրանց սատարում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որի անդամ որևէ մեկին չենք ճանաչում Գյումրիում, անգամ գրասենյակ չունեն: Կամ այն, որ Արտաշես Գեղամյանը սատարում է Սամվել Բալասանյանին, դա արդեն անլուրջ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան