Իսպանական ընկերությունը չարիք է «Հյուսիս-հարավ» ճանապարհի գործում. Հովիկ Աբրահամյան
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տրանպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են «Հյուսիս-Հարավ» ծրագրով Աշտարակ-Թալին ճանապարհի շինարարական աշխատանքները դանդաղ ընթանում. «Երկու անգամ Ձեզ զգուշացրել եմ: Ի՞նչն է պատճառը, կարո՞ղ ենք հասկանալ»:
Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ շինարարների մոտ կա աշխատանքային հստակ ժամանակացույց և ուշացման մասին ահազանգ դեռ չեն ստացել:
«Իմ ասածն ահազանգ չի՞: Ինձ խոսակցություններ են հասնում՝ չգիտեմ անհի՞մն են, թե՞ ոչ: Իսպանական ընկերությունն է իրականացնում, այդ ընկերությունը չարիք է այս գործում, ինչ-որ խնդիր կա այս ընկերության հետ: Ասում են՝ փողերը չկան, փողերը տարել են, հասկացեք՝ ինչն է պատճառը»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի դիտարկմանն ի պատասխան Արթուր Առաքելյանն ասաց, որ նախարարությունն ուսումնասիրություններ է արել, իրավիճակը հսկողության տակ է:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրեն հասածը «ներսի աշխատողների» խոսակցություններն են, և պետք է հասկանալ խնդիրներն ու դրանց պատճառները:
«Եղավ, պարոն վարչապետ»,- արձագանքեց Արթուր Առաքելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան