Ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանի նվերը՝ Գյումրիին
Ճապոնահայ երգչուհի, երգահան և դերասանուհի Ստեֆանի Թոփալյանը Ճապոնիայում կազմակերպել էր «Ներդաշնակության երեկոն» խորագրով համերգային ծրագիրը, որը մեծ հաջողություն է ունեցել: Երեկոյի հասույթը՝ 9185 եվրո, երգչուհին նվիրաբերելու է Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցին: Այս մասին տեղեկանում ենք «Հայերն այսօր»-ից:
«Ես շատ վաղուց էի ծրագրել այս երեկոն և ուրախ եմ, որ վերջապես երազանքս իրականություն դարձավ: Շնորհակալություն բոլորին, ով աջակցել և իր լուման է ներդրել այս ծրագրի իրականացմանը: Այս երեկոյի հուշերը ես կփայփայեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում»,- ասել է Ստեֆանի Թոփալյանը:
Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Նախորդ տարի մայիսին՝ որպես «Genealogy» խմբի անդամ, Ստեֆանի Թոփալյանը ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում, որը անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: