Նիսում զոհված համարվող հայուհուն ողջ են գտել
Ֆրանսիայի Նիս քաղաքում զոհված համարվող երկու հայուհիներից մեկին (Արևիկին) ողջ են գտել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, ավելի վաղ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ահաբեկչության հետևանքով ՀՀ երկու քաղաքացի է զոհվել:
Հուլիսի 14-ին երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ, ու վարորդը կրակահերթ էր արձակել նրանց ուղղությամբ: Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու: Ոստիկանական ուժերը վնասազերծել էին ահաբեկչին, որը լրատվամիջոցների փոխանցմամբ, ծագումով թունիսցի է, Ֆրանսիայի քաղաքացի, 31 տարեկան: «Իսլամական պետություն» կազմակերպությունը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:
Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցել զոհերի հարազատներին:
Հարակից հրապարակումներ`
- Նիսում ահաբեկչին վնասազերծելու մասին տեսանյութը հայտնվել է համացանցում
- Հռոմի Պապը դատապարտել է Նիսի ահաբեկչությունը
- Հայտնի է Նիսում ահաբեկչության հեղինակի անունը
- Նիսում զոհված ՀՀ քաղաքացիների թիվը 2-ն է
- Ես հրաժարվում եմ մարդ կոչվել. Սոցցանցը՝ Նիսի ահաբեկչության մասին