Վստահ ենք՝ ՌԴ իշխանություններին փաստերն ամբողջությամբ ներկայացնելու դեպքում կձեռնարկեն համապատասխան գործողություններ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով վրաց-ռուսական սահմանին՝ Վերին Լարսում, ՀՀ տնտեսվարողների նկատմամբ անօրինական գործողություններին, ըստ որի՝ ռուսական կողմը գումարներ է պահանջում նրանցից, նշեց, որ իրենք նույնպես անօրինական գործողությունների վերաբերյալ ահազանգեր ստացել են:
Սակայն նախարարը չի կարծում, որ այդ ամենը կատարվում է ռուսական պաշտոնական կողմի գիտությամբ:
Արծվիկ Միանսյանի խոսքերով՝ քանի դեռ նման ահազանգերը կան, մտադիր են առաջիկայում դրանք հավաքագրել և ներկայացնել ռուս գործընկերներին, քանի որ տարբեր հատվածներում խոչընդոտվում է ՀՀ քաղաքացիների նորմալ տեղաշարժը:
«Մենք վստահ ենք, որ ռուսական իշխանություններին փաստերն ամբողջությամբ ներկայացնելու դեպքում, մեր գործընկերները կձեռնարկեն համապատասխան գործողություններ»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ սրանք գործողություններ են, որոնք կարող են պատահել ցանկացած երկրում, բայց շատ կարևոր է, որպեսզի համապատասխան իրավասու մարմիններն իմանալով այդ մասին արագ արձագանքեն:
«Ակնկալում ենք, որ ռուս գործընկերներին այս հարցերը ներկայացնելուց հետո համատեղ կմշակենք մի այնպիսի համակարգ, որը թույլ կտա բացառելու նման անօրինական միջամտությունը մեր քաղաքացիների և տնտեվարող սուբյեկտների օրինական գործողություններին, մասնավորապես ԵԱՏՄ տարածք մուտք գործելուն»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ որևէ մեկը ռուսական կողմին չի ներկայացրել կամ չի ներկայացնելու մեղադրանք կոռուպցիայի մասով:
«Մենք ընդամենը ասում ենք, որ այն հնարավորությունը, առավելությունը, որ պետք է ունենայինք ԵԱՏՄ-ում ՝ քաղաքացիների և ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման համար, ապա պետք է համատեղ ձեռնարկենք այդ իրավունքների իրացման լիարժեք մեխանիզմներ:»,- ընդգծեց նախարարը:
Մինչ այս Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հաստատել էր, որ տարանցիկ ճանապարհի հարցը Ռուսաստանի հետ քննարկելու համար եղել է Հայաստանի միջնորդությունը, «սակայն Ռուսաստանը բեռնափոխադրումների հարցը կապել է քաղաքական պահանջների հետ, առաջարկելով դրա փոխարեն ճանաչել Հարավային Օսեթիայի Հանրապետությունը, այդ պատճառով էլ գործընթացը սառեցվել է»:
Հարակից հրապարակումներ`
- Որքա՞ն է կազմում Լարսում փչացած բերքը, արդյոք գյուղացիներին փոխհատուցում սպասվում է. հարցեր նախարարին
- Վերին Լարսը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր. Գագիկ Բեգլարյան
- Հարավային Օսեթիայի միջով Հայաստան-Ռուսաստան տարանցիկ ճանապարհ չի լինի ՌԴ-ի միջամտությամբ