Ֆրանսիայում կերկարաձգվի արտակարգ ռեժիմի ժամկետը
Ֆրանսիայում այս ամիսներին գործող արտակարգ իրավիճակի ռեժիմի ժամկետը, որը լրանում էր հուլիսի 26-ին, Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կերկարաձգվի ևս երեք ամսով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Ես որոշել եմ երկարաձգել արտակարգ ռեժիմի ժամկետը, որը ավարտվում էր հուլիսի 26-ին: Այն կերկարացվի ևս երեք ամսով: Համապատասխան օրենսդրական նախագիծը կներկայացվի խորհրդարան», -«РИА Новости» գործակալության փոխանցմամբ, ասել է Օլանդը:
Մինչ Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը, Օլանդը նպատակահարմար չէր գտել երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը, քանի որ նրա խոսքով, Ֆրանսիան ունի օրենք և կարող է պայքարել ահաբեկչության դեմ:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ ու կրակահերթ արձակել նրանց ուղղությամբ:
Ահաբեկչության հետևանքով մահացել է առնվազն 84 մարդ, այդ թվում՝ երեխաներ: 100-ից ավելի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու:
«Սկզբում մենք կարծում էինք, թե վարորդն իրեն լավ չի զգում, բայց շատ արագ հասկացանք, որ դա բացառվում է: Նա ցանկանում էր սպանել որքան հնարավոր է շատ մարդու», -ասել է ականատեսներից մեկը: Ոստիկանական ուժերի կողմից ահաբեկիչը վնասազերծվել է:
«Իսլամական պետություն» կազմակերպությունը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: