Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսուա Օլանդին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողությունների թիրախ է դառնում արդեն երրորդ անգամ: Դրանք հարված են ոչ միայն Ֆրանսիային, այլև ողջ մարդկությանը: Սա նաև ազդակ է ավելի վճռականորեն համախմբելու մեր բոլորի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարությանը, զոհվածների հարազատներին Ձեր երկրին պատուհասած ողբերգության կապակցությամբ և վստահեցնում, որ վշտի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են բարեկամ Ֆրանսիայի կողքին»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Հարակից հրապարակումներ`
- Նիսում զոհված ՀՀ քաղաքացիների թիվը 2-ն է
- ԱԳՆ խոսնակ. Ֆրանսիայում զոհվածների թվում ՀՀ քաղաքացի կա
- Ես հրաժարվում եմ մարդ կոչվել. Սոցցանցը՝ Նիսի ահաբեկչության մասին
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև քաղաքացիները ծաղիկներ են դնում
- Նիսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը