Հայր և որդի Դավթյանները 12 տարի դադարից հետո ելույթ են ունեցել միասին
Արամ Խաչատրյան համերգասրահում նախօրեին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել ջութակահար Հայկ Դավթյանի (Հայաստան/Ֆրանսիա), դաշնակահարուհի Գայանե Ասլանյանի (Հայաստան) հետ։ Համերգը ղեկավարել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծրագրում հնչել են Ռիխարդ Շտրաուսի Ջութակի կոնցերտը (հայաստանյան պրեմիերա, մենակատար՝ Հայկ Դավթյան), Մորիս Ռավելի Պավան հանգուցյալ արքայադստեր համար և Դաշնամուրի կոնցերտ ստեղծագործությունները (մենակատար՝ Գայանե Ասլանյան)։
Ջութակահար Հայկ Դավթյանը դիրիժոր Յուրի Դավթյանի որդին է։ Մաեստրոո Դավթյանը համերգից առաջ ասել է, որ հուզմունքը կրկնապատկվել է, որովհետև երկար ժամանակ՝ գրեթե 12 տարի, միասին ելույթ չեն ունեցել։
«Մտածում եմ այն պահի մասին, թե երբ համերգի առաջին բաժինում Հայկն իր ելույթը կավարտի, երկրորդ բաժնում ես ինձ ավելի ազատ կզգամ»,- խոստովանել է Յուրի Դավթյանը։
Ջութակահար Հայկ Դավթյանը նշել է, որ բեմ է դուրս եկել պատասխանատվության մեծ զգացումով. «Հայաստանում միշտ ավելի դժվար է նվագել, քան այլ երկրում, որովհետև ուսուցիչներդ, ընկերներդ, դասընկերներդ գտնվում են դահլիճում, և ինձ համար շատ կարևոր է նրանց մատուցել լավագույնը»։
Խոսելով Ռիխարդ Շտրաուսի Ջութակի կոնցերտի մասին, որը ներկայացրել է երեկոյի ընթացքում, Հայկ Դավթյանն ընդգծել է, որ այն շատ գեղեցիկ ստեղծագործություն է, և ափսոսանք է հայտնել, որ աշխարհում շատ քիչ է կատարվում։