Արծվիկ Մինասյանը՝ ազգային բրենդի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով աղմուկ բարձրացրած ազգային բրենդի վերաբերյալ հարցին, նշեց, որ ներկայումս դրա հետ կապված մանրամասն ուսումնասիրություններ են ընթանում:
Նշենք, որ ամերիկյան GK Brand ընկերության հիմնադիր և ղեկավար Վազգեն Քալաջյանն օրեր առաջ LinkedIn ցանցի իր էջում ներկայացրել է Հայաստանի բրենդը` լոգոն և կարգախոսը: Այս բրենդի նպատակն է Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել աշխարհում: Մինչդեռ այն Հայաստանում լուրջ քննադատությունների առիթ է հանդիսացել: Ի դեպ՝ դրա ստեղծման գինը 400 հազար դոլար է:
Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ ազգային բրենդ ստեղծելու հարցը բարձրացվել է 2008 թվականին: Ըստ նրա՝ պետբյուջեից հատկացվել է 62 մլն դրամ, իսկ մնացած գումարները տվել են դոնոր կազմակերպությունները:
«Վճարումն ամբողջ ծավալով չի իրականացվել, քանի որ 5 կետից 2-ի մասին է խոսքը գնում: Որևէ մտահոգություն, անհանգստություն, թե կառավարությունը կարող է ընդունել մի բրենդ, առանց հանրության կարծիքը հաշվի առնելու, նման բան չի կարող լինել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է բրենդի կարգախոսին՝ «Պատմությունը դեռ նոր է սկսվում», նախարարը նշեց, որ այն չի արտահայտում այն, ինչի մասին կարծիք կարող է ձևավորվել:
«Այն Հայաստանի պատմության հետ կապ չունի, և այս կարգախոսի հիմնական նպատակն ուղղված է այն մարդկանց, որոնք երբեք չեն եղել Հայաստանում: Այսինքն՝ այսպիսով կոչ է արվում՝ գան Հայաստան ու կերտեն իրենց պատմությունը: Բացատրությունը սա է, և այստեղ խնդիրներ կան: Դրա համար բոլոր հարցերը քննարկվում են»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով՝ պարտադիր չէ, որ Հայաստանն ունենա ազգային բրենդ: