Արծվիկ Մինասյանը՝ մենաշնորհների, ներմուծման և տեղական հումքի արտադրության կազմակերպման մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներմուծման ոլորտում առկա մենաշնորհների դեմ պայքարին, նշեց, որ բոլոր ապրանքատեսակների մասով ստեղծում են էլեկտրոնային համակարգ, որտեղ ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա որևէ ապրանքի մասով մուտքագրել այդ ապրանքի կոդը կամ անվանումը, որպեսզի պարզի բոլոր ընթացակարգերը՝ սկսած ժամկետներից, պատասխանատուներից և այլն:
«Դա կվերաբերի ոչ միայն ներմուծմանը, այլև՝ արտահանմանը: Այսինքն՝ կներդրվի ամբողջական էլեկտրոնային համակարգ, որը հնարավարություն կտա տնտեսվարող սուբյեկտներին ու քաղաքացիներին ավելի տեղեկացված լինել»,- ասաց նախարարը:
Հարցին, թե մենաշնորհային դիրք ունեցողների անուններ կհրապարակի, Արծվիկ Մինասյանն նշեց, թե երբ խոսում են ոլորտների մասին, անուններ հրապարակելն անիմաստ է դառնում. «Քանի որ եթե խոսում ենք ոլորտում գերիշխող դիրքի մասին և ասում, որ օրենքի համաձայն՝ թեև իրենք մենաշնորհ չեն, բայց ընկալվում է այդպես և փաստացի իրենք թելադրում են շուկան, ըստ էության, այս ոլորտում գտնվող բոլոր գերիշխող դիրք ունեցող սուբյեկտները դառնում են տնտեսական տեսակետից մենաշնորհային դիրք ունեցողներ: Հետևաբար, մեր գլխավոր խնդիրը մնում է վերանայել օրենսդրությունը»:
Երբ լրագրողները նորից պնդեցին մենաշնորհային դիրք զբաղեցնողների անուններ հնչեցնել, Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Անունները դուք ինձնից շատ լավ գիտեք, ավելորդ տնտեսական քաղաքականությունը վերածել նեղ, փոքր, խմբային, անձնական մոտեցումների ես պատրաստ չեմ, քանի որ իմ գլխավոր խնդիրը որպես էկոնոմիկայի նախարարի համակարգային լուծումներ ատաջարկելն է կառավարությանը ոլորտներն ամբողջական ազատականացնելու ուղղությամբ»:
Անդրադառնալով շաքարավազի ներկրման վերաբերյալ իր նախկին հայտարարություններին՝ ասաց, որ իր խոսքը վերաբերել է Հայաստանի տնտեսության զարգացման մոդելների մշակմանը:
«Բոլոր այն ապրանքները, որոնք հնարավոր է արտադրել Հայաստանում, մենք իրականացնելու ենք ներմուծման փոխարինման ամբողջական քաղաքականություն տեղական տնտեսության և ձեռնարկությունների իրավունքների պաշտպանության լիարժեք համակարգով»,- նշեց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ գլխավոր խնդիրը մեկն է՝ կազմակերպել տեղական հումքի արտադրություն:
Նրա խոսքերով՝ ներկայումս էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրություն է իրականացնում բոլոր այն ապրանքային խմբերի մասով՝ ներառյալ շաքարավազը, որոնց արտադրությունը տեղական հումքի վրա հնարավոր է կազմակերպել:
«Խոսքը վերաբերում է նաև Թուրքիայից ներմուծվող ապրանքներին: Թուրքիայից ներմուծվում է շուրջ 700 ապրանքատեսակ: Առաջին փուլում այս ցանկից ընտրվել է 50 անուն ապրանք, որոնք հումքային չեն, սոցիալական խիստ զգայուն ապրանքներ չեն և այսօր Հայաստանում նման տեսակի ապրանքներ արտադրվում են»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ նախատեսում են կազմակերպել ընդլայնված քննարկումներ, որպեսզի ի վերջո հստակ պատկերացում ունենան, թե այդ ապրանքների նկատմամբ ինչ քաղաքականություն պետք է իրականացվի:
Նա նաև նշեց, որ սա հետագայում վերաբերելու է այն երկրներից ներմուծվող ապրանքներին, որոնք որակական հատկանիշներով չեն բավարարի սպառողների իրավունքների սահմանված պահանջներին, և դրանց մուտքը էականորեն սահմանափակում է տեղական արտադրության կազմակերպման հնարավորությունը:
«Ցանկացած երկրից ներմուծվող ապրանքը, եթե մեր ազգային տնտեսությանը, տեղական արտադրողին վնաս է պատճառում, դուրս է մղում շուկայից կամ սահմանափակում է կազմակերպման հնարավորությունը, այստեղ կիրառելու ենք սակագնային ոչ թույլատրելի մեթոդներ»,- նշեց Արծվիկ Մինասյանը: