Զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու ծրագիրն արդեն պատրաստ է. Արծվիկ Մինասյան
Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամտով ապահովելու ծրագիրն արդեն պատրաստ է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, իսկ այսօր արդեն այն կտեղադրվի էկոնոմիկայի նախարարության կայքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել էր մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ խոսքը միայն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների մասին չէ, այլ՝ ՀՀ ու Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների: Պարզապես այժմ առաջնահերթ են ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքները:
Նրա խոսքերով՝ ծրագրի մեջ ներգրավված են նաև պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման զարգացման նախարարությունները, այլ պետական կառույցներ: «Նպատակը հետևյալն է՝ այս ընտանիքներում բացահայտել անձանց, ովքեր ի վիճակի են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, իսկ եթե չունեն համապատասխան կրթություն, ապա ապահովել պայմանների ամբողջական տրամադրում, դրանք կարող են լինել սարքավորումների, կոնկրետ գումարի, պայմանագրերի կնքման տեսքով: Այսինքն՝ բոլոր մեխանիզմները կիրառվելու են, որպեսզի առաջին հերթին ապահովեն անձանց ձեռնարկատիրական գործունեությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ եթե այդ մարդիկ չեն կարող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, ապա նրանց կառաջարկվի որպես բաժնետեր հանդես գալ տարբեր ձեռնարկություններում, որպեսզի նրանք կարողանան մշտական եկամուտ ունենալ:
Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ նախատեսում են, որ ծրագրին պետական միջոցներից բացի ներդրումներ արվեն մասնավոր հատվածի կողմից: «Իհարկե, հիմնական բեռը բյուջեի վրա է լինելու, բայց առաջարկելու ենք կամավոր մուծումների ժամանակ այն անձինք, կազմակերպությունները, ովքեր 10 մլն և ավելի դրամ կփոխանցեն այս ծրագրին, իրենք կամ իրենց ներկայացուցիչները կընդգրկվեն կառավարման խորհրդի մեջ և կկայացնեն համապատասխան որոշումները՝ այս կամ այն անձի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարվա համար շուրջ 500 մլն դրամի ծախս են նախատեսում:
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության կարգը՝ ներքին շրջանառության մեջ
- Մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար «կայուն եկամտի աղբյուր կստեղծվի»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին