ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը
Ֆրանսիական Նիս քաղաքում հուլիսի 14-ին երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով, վերջնական տվյալներով մահացել է 80 մարդ, 100-ից ավելի քաղաքացի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Լրատվամիջոցների հաղորդմամբ, բեռնատար մեքենան մխրճվել է Բաստիլի գրավման ազգային տոնը նշող քաղաքացիների խմբի մեջ և արձակել կրակահերթ: Մահացածների մեջ կան մեծ թվով օտարերկրացիներ:
Ֆրանսիայում բնակվող ֆրանսահայ Արման Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ազգությամբ հայ մահացածների մասին:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը առայժմ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը: «Մեր դիվանագիտական ներկայացուցչությունները այդ տեղեկությունը ճշտում են», Panorama.am-ին փոխանցեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ՀՀ ԱԳՆ-ն միայն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը: «Մեր ցավակցություն ենք հայտնում զոհերի հարազատներին», -նշված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:
«РИА Новости» գործակալությունը հաղորդում է, որ ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու:
«Սկզբում մենք կարծում էինք, թե վարորդն իրեն լավ չի զգում, բայց շատ արագ հասկացանք, որ դա բացառվում է: Նա ցանկանում էր սպանել որքան հնարավոր է շատ մարդու», -ասել է ականատեսներից մեկը:
Ավելի ուշ, նույն աղբյուրի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե ահաբեկիչը նպատակ է ունեցել «սպանել, ճնշել, ոչնչացնել»: Մինչև արգելակելը, մեքենայի վարորդն անցել է 2կմ ճանապարհահատված:
Լրատվամիջոցները պարզել են, որ կրակահերթ արձակած մարդը Թունիսեցի է, 31 տարեկան: Ավելի ուշ «Իսլամական պետություն» կազմակերպությունը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: