«Զուլալ» ակապելլա եռյակի առաջին ելույթը Հայաստանում
«Զուլալ» ակապելլա եռյակն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում: Համերգը տեղի կունենա հուլիսի 16-ին և 17-ին Կոմիտասի անվան երաժշտության տանը: Այս մասին հայտնում են Deem Communications ընկերությունից, ում հրավերով ակապելլան եկել է Հայաստան:
Տրիոյի երգացանկն ընդգրկում է հիմնականում հայկական ժողովրդական երգեր ու կոմիտասյան ստեղծագործություններ։ Հայկական մեղեդիները Սփյուռքում ներկայացնելով՝ ակապելլա եռյակը ջանում է փրկել դրանք մոռացությունից և նպաստել հայապահպանության գործին:
«Զուլալ»-ը ձևավորվել է 2002թ-ին: Անդամներն են Թենի Աբելյանը, Երազ Մարգարյանը և Անաիս Ալեքսանդրա Թեքերյանը:
««Զուլալ»-ի ստեղծումը որոշ չափով պատահականություն էր։ Մենք ծանոթացանք և սկսեցինք միասին ուսումնասիրել հայկական ժողովրդական երաժշտությունը։ Դեռևս քոլեջում մեզանից յուրաքանչյուրը սովորել է երգել առանց նվագակցության․ մենք սիրում էինք առանց գործիքավորման ու ներդաշնակ հնչողությունը։ «Զուլալ» անունը արտահայտում է այն մաքրությունն ու հստակությունը, որին ձգտում ենք մեր երաժշտության միջոցով»,- նշում են «Զուլալ»-ի կատարողները:
«Զուլալ»-ը ելույթ է ունեցել այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են Գեթթի թանգարանը, Քարնեգի հոլը, Քենեդի կենտրոնի «Միլենիում» բեմը, Նյու Յորքի «Սիմֆոնի սփեյս»-ը և Բերկլիի երաժշտական քոլեջը:
Հայաստան իրենց այցի ընթացքում «Զուլալ»-ի անդամները վարպետաց դասընթացներ են վարում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ երիտասարդ սերնդին փոխանցելով իրենց հարուստ երաժշտական փորձն ու գիտելիքները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում