Որոշ լրատվական կայքեր շարունակում են ադրբեջանական խայծը կուլ տալ. Տ. Քոչարյան
Կայքերի վրա հարձակումների պահով դաշտը թուլացած է և որևէ գրոհ ադրբեջանցիների կամ թուրքերի կողմից չկա,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:
Մասնագետի խոսքերով՝ այդ հարձակումների նվազումը պայմանավորված է առիթների բացակայությամբ. «Նրանք հարձակման համար հիմնական երկու առթի ունեն՝ հիշատակի օրերի և ակտիվ ռազմական գործողությունների հետ կապված»:
Ամեն դեպքում՝ Տիգրան Քոչարյանը կայքերի պատասխանատուներին հորդորեց չթուլանալ. «Պետք է բոլորս հասկանանք, որ պատերազմը չի ավարտվել և յուրաքանչյուր պահ կարող է ամեն ինչ վերսկվել, դաշտի և ընդհանրապես կայքերի պատասխանատուները պետք է աչալուրջ լինեն»:
Նա նկատեց, որ որոշ լրատվական կայքեր շարունակում են ադրբեջանական խայծը կուլ տալ:
«Որպես օրինակ, կարող եմ ասել, ունենք մի կերպար, ով Ադրբեջան էր փախել և շատ ճիշտ կլիներ ընդհանրապես չարձագանքել դրան, նրա արածմներին և ասածներին: Նա և նրա պատվիրատուն ուղղակի սնվում են լրատվամիջոցների արձագանքով: Նրանց համար ամենավատ տարբերակը կլինի, որ հայկական դաշտն ընդհանրապես չարձագանքի: Ցավոք տեսնում ենք, որ մի շարք լրատվամիջոցներ դարձել են այդ մարդու և նրա պատվիրատուների սնողը»,-նշեց Տ. Քոչարյանը:
Անդրադառնալով Լիտվայի հետ կիբեռանվտանգության համաձայնագրի կնքմանը, ՏՏ անվտանգության մասնագետը կարևորեց ընդհանրապես նման համագործակցությունները: Նրա խոսքով՝ լավ կլինի հնարավորության դեպքում այլ երկրների հետ նույնպես կնքել նման համաձայնագրեր. «Շատ կարևոր քայլ է ՏՏ ահաբեկչությունների, ագրեսիայի քարոզի դեմ պայքարի համար»:
Վերջում բանախոսը սոցցանցերից օգտվող սովորական օգտատերերին խորհուրդ տվեց անձնական էջերի ինֆորմացիայի հետ կապված շատ ուշադիր լինել, հասկանալ, թե որ ինֆորմացիայի դեպքում կարող են իրենց կոտրել կամ արգելափակել, խորհուրդ տվեց նաև ժամանակին փոխել գաղտնաբառերը, ինչը կնվազեցնի էջերի կոտրելու ռիսկը: