Ֆրանսիայի նախագահը ուղերձ է հղել ժողովրդին
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նախագահ Ֆրանսուա Օլանդը ժողովրդին ուղերձ է հղել: Այդ մասին նշվում է Ելիսեյան պալատի Twitter-ի միկրոբլոգում:
«Միանգամայն ակնհայտ է, որ մենք պետք է անենք ամեն ինչ՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար: Ֆրանսիան հարված է ստացել իր ամենագլխավոր տոնին՝ Անկախության օրվան», -հայտարարել է նախագահը:
Նա հաստատել է, որ Նիսում կատարվածը ահաբեկչություն է և նշել, որ Ֆրանսիան կուժեղացնի Սիրիայի և Իրաքի ահաբեկիչների նկատմամբ հարվածները:
Ֆրանսիայի նախագահը ֆրանսիական ժողովրդի անունից ցավակցություններ է հայտնել ահաբեկչության հետևանքով մահացած ընտանիքների հարազատներին:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ ու կրակահերթ արձակել նրանց ուղղությամբ: Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու:
«Սկզբում մենք կարծում էինք, թե վարորդն իրեն լավ չի զգում, բայց շատ արագ հասկացանք, որ դա բացառվում է: Նա ցանկանում էր սպանել որքան հնարավոր է շատ մարդու», -ասել է ականատեսներից մեկը:
Ոստիկանական ուժերը վնասազերծել էին ահաբեկչին, որը լրատվամիջոցների փոխանցմամբ, թունիսցի է, 31 տարեկան: «Իսլամական պետություն» կազմակերպությունը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:
Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցել զոհերի հարազատներին:
Հարակից հրապարակումներ`
- Նիսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի
- Ֆրանսիայում կերկարաձգվի արտակարգ ռեժիմի ժամկետը
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը