Երևանում ստեղծված իրավիճակն իրավապահները մտադիր են հանգուցալուծել բանակցությունների միջոցով
Հուլիսի 17-ի լույս գիշերը, ժամը մոտ 5:30-ի սահմաններում «Նոր Հայաստան» շարժման մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանի ֆեյսբուքյան պատին հայտնվել էր գրառում՝ վերնագրված «Սասնա Ծռեր» խմբավորում. Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «…Մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ: Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից հատվածները: Մեզ են միացել Զինված ուժերի զորամասեր: Ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ»:
Հետագայում պարզվեց, որ գրառումը հրապարակվել է այն բանից հետո, երբ մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ են վերցրել զորամասի մի խումբ զինծառայողների: Հետագայում զինված խումբը պատանդ է վերցրել նաև զորամաս այցելած ոստիկանության բարձրաստիճան ծառայողների, մասնավորապես՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Քիչ անց, ինչպես արձանագրել է Panorama.amի տեսախցիկը, իրավապահ մարմինները ուժեր են կուտակել ՊՊԾ գնդին հարող տարածքում՝ զուգահեռաբար փակելով հարակից փողոցներն ու տարհանելով ՊՊԾ գնդի տարածքի անմիջապես հարևանությամբ գտնվող տների բնակիչներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՊԾ գնդի ներսում տիրող իրավիճակի մասին այդ ընթացքում միակ աղբյուրը զինված խմբավորման անդամներից Վարուժան Ավետիսյանն էր, ում գրառումներից պարզ է դառնում, որ խմբի պահանը Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն է, իսկ խմբի կազմում ընդգրկված են ազատամարտիկներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը և Մխիթար Ավետիսյանը, ինչպես նաև մի շարք երիտասարդներ, ովքեր մասնակցել են Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած շարժումների ակցիաներին:
Ստեղծված իրավիճակի մասին հուլիսի 17-ի առավոտյան պաշտոնական պարզաբանմամբ հանդես եկավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:
Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր. «…մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին»: ԱԱԾ-ից հավաստիացրել էին, որ պետական մարմինները գործում են բնականոն ռեիմով, իսկ զինված անձանց հետ վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար: Միաժամանակ իրավապահները զգուշացրել էին, որ «ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանք կատարած անձինք վնասազերծվելու են և պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Այս հայտարարությունից հետո Վարուժան Ավետիսյանը և խմբի այլ անդամներ սոցիալական կայքերով և ԶԼՄ-ներով հայտնում էին, որ իրավապահներն ժամանակ են ձգում, ուժեր են կենտրոնացնում, ինչն իրենց չի վհատեցնում, իրենք սպասում են իրենց պահանջի կատարմանը և պատրաստ են մինչև վերջին փամփուշտը կռիվ տալ: Վարուժան Ավետիսյանը հայտնել էր նաև իրենց խմբի մասնակիցներից երկուսի վիրավորվելու մասին:
ԱԱԾ-ն այնուհետև հանդես եկավ մեկ այլ հաղորդագրությամբ , որով տեղեկացնում էր, որ գրանցված միջադեպի արդյունքում մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են: ԱԱԾ-ն նաև հայտնել էր խմբի պահանջի մասին:
«Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին«- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ զինված հարձակման արդյունքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, իսկ երեք ոստիկաններ՝ գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը հրազենային վնասվածքներ են ստացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունան Պողոսյանը նաև հայտնել էր, որ զինված խմբի անդամների հետ բանակցություններ են տարվում, որոնց շրջանակներում նրանց հորդորում են հանձնվել իշխանություններին՝ նշելով, որ հորդորները չլսելու դեպքում ոստիկանությունն «ի վիճակի է վնասազերծելու նրանց»:
Հարցին թե ինչ վերնաժամկետ է առկա բանակցությունների համար, փոխոստիկանապետը նշել է, որ վերջնաժամկետ չկա, և քանի դեռ հույս կա, որ իրավիճակը կհանգուցալուծվի բանակցությունների ճանապարհով, շարունակելու են բանակցել:
Ստեղծված իրավիճակում մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ հանդես եկան բռնությունը դատապարտող հայտարարություններով՝ նշելով, որ ուժի գործադրումը, զենքի կիրառումը քաղաքական գործընթացում չի կարող գործիք լինել:
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել էր. «Ապստամբություններով, մարդկանց պատանդ վերցնելով որևէ քաղաքական հարց չի լուծվելու»:
«Գտնում եմ, որ ոչ արդյունավետ է նման ճանապարհը ու չի կարող բերել դրական արդյունքի։ Ցավում եմ, որ եղել է զոհ։ Հայաստանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այլ մեթոդներով», - ասել է առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը իր խոսքը ավարտել էր այսպես. «Շատ լավ կլինի, որ բանակցություններով հաջողությունների հասնեն, որպեսզ հետագայում արյունահեղություն չլինի»:
Ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանն իր հայտարարությամբ նշելով, որ «ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը», կոչ էր արել հանրահավաք անել ոստիկանության գլխավոր շենքի մոտ՝ ուժ չգործադրելու և ճգնաժամը բացառապես բանակցային ճանապարհով կարգավորելու պահանջով:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ տեղի ունեցածը որակելով «օրենքից դուրս», նշել է, որ հանգուցալուծումն ինչպիսին էլ լինի, ազդելու է երկրի հետագա ճակատագրի վրա: «Երկու կողմն էլ պետք է հասկանա, որ այդ լուծման հետ ապրելու ենք մենք բոլորս: Երկու կողմն էլ պետք է հասկանա՝ առնվազն առաջին անգամ պետք է բանակցելով գտնել լուծում: Իսկ պայնավորվածությունները պետք է հարգվեն մինչև վերջ»,- նշել է նա ու հորդորել՝ «բանակցություններից չվախենալ»:
Հուլիսի 17-ի կեսօրից հետո ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության իրավապահ համակարգի պատասխանատուների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի մասնակիցները նախագահին զեկուցել են տեղի ունեցածի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները: «Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար»,- ասված էր տարածված հաղորդագրության մեջ:
Երեկոյան կողմ արդեն ՀՀ ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ խումբը ժամը 17:00-ի դրությամբ «շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը»:
Նշվում էր նաև, որ բանակցությունների շրջանակներում «փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին»:
«Դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ»,- հայտնել էին ԱԱԾ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան