Բայց հիմա առճակատման երկու կողմն էլ պետք է հասկանա, որ այդ լուծման հետ ապրելու ենք մենք բոլորս. Թևան Պողոսյան
Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր Երևանում զինված խմբի կողմից ՊՊԾ-ի գրավման դեպքին.
«Ճգնաժամի պահին բանակցությունները դառնում են գործիք: Բայց այդ գործիքի մասին մոռանում են հաջորդ օրը: Սուր քննադատության ժամանակ բանակցությունների գնալը համարում են պարտվողական վարքագիծ, ու մեղադրում են բանակցողներին: Ցավոք մենք չկարողացանք ձևավորել բանակցային մշակույթ մեր հարցերը լուծելու համար, հատկապես ներքին: Էլ չեմ ասում բանակցություններով հասնել խնդիրների լուծումներին:
Սա կարևոր ազդակ է, որ ունենք վստահության ճգնաժամ մեր երկրում: Ավելի՛ն, համոզված ենք, որ եթե նույնիսկ պայմանավորվենք ապա անպայամ «կգցեն»: Ցավոք այս իրավիճակն է բոլոր ոլորտներում` քաղաքականությունում, բիզնեսում, հանրային կյանքում, ընտանիքում:
Հայաստանում ցավոք իշխանությունները վաղուց են կորցրել իրականության զգացումը: Հատկապես ապրիլյան ռազմական գործողություններից հետո պետք է հարցերը այլ արագությամբ և այլ ոճով լուծվեին: Մեր բացերը լուսնից չեն առաջացել այլ իրական մարդկանց սխալ, կորումպացված ու անգրագետ քաղաքականությունից ու որոշումներից: Մենք պետք է տեսնեինք և՛ հրաժարականներ, և՛ ձերբակալություններ, և՛ գողոնի վերադարձ, և՛ նոր նվիրյալների նշանակումներ: Ցավոք անվստահության հաղթահարման փոխարեն տեսանք դրա խորացումը:
Իսկ ի՞նչ ունենք հիմա: Մարդիկ իրենց ընկալմամբ չտեսնելով այլ միջոց, դիմեցին զենքի ուժին: Ունենք մեկ զոհ, վիրավորներ: Երևանում: Խումբը լոկալիզացված է, բայց զինված: Եթե գրոհեն, էլի զոհեր կլինեն` հայը հային է կրակելու ու ներքին թշնամանքը խորանալու է: Գոնե հիմա գիտակցեք որ բանակցություններն են լուծումը: Միշտ կարելի է գտնել լուծում, չկա անելանելի իրավիճակ:
Հասնենք լուծման բանակցություններով: Ցանկացած պարագայում, որոշ ժամանակ անց կլինի հանգուծալուծում: Թե ինչպիսի՝ չգիտեմ: Բայց հիմա առճակատման երկու կողմն էլ պետք է հասկանա, որ այդ լուծման հետ ապրելու ենք մենք բոլորս: Երկու կողմն էլ պետք է հասկանա՝ առնվազն առաջին անգամ պետք է բանակցելով գտնել լուծում: Իսկ պայնավորվածությունները պետք է հարգվեն մինչև վերջ:
Եվ եկեք չփնտրենք լուծումներ միայան անձերի մեջ: Կան ավելի կարևոր հարցեր։ Վստահ եմ, շատերն ուրախ կլինեն, որ հենց իրենք փոխեցին Արցախյան բանակցային դիրքերը, որ հենց իրենք հասան կոռումպացվածների բանտում հայտնվելուն, համակարգային նոր փոփոխություններին:
Այն, ինչ եղել է, օրենքից դուրս է և պետք է լինեն օրենքի ուժով պատիժներ, բայց բանակցված լուծումները կարող են շատ ավելի կարևոր հարցերի լուծումներ բերել։ Հայաստանի ապագա զարգացման համար:
Բանակցություններից մի վախեցեք»: