Փոխոստիկանապետ. «Ժիրայր Սեֆիլյանը բանակցություններին չի մասնակցում»
Ոստիկանության և իրավապահ մարմինների հատուկ բոլոր ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի, սակայն նրանց հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ: Առայժմ ընթանում են բանակցություններ: Իրենց պահանջը չի փոխվել, նույնն է՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բանակցություններին մասնակցում է Ժիրայր Սեֆիլյանը, քանի որ նման լուրեր են տարածվել, որ իրեն բերել են բանացելու, փոխոստիկանապետն ասաց, որ՝ ոչ, չեն բերել:
Հարցին, թե արդյո՞ք նման նպատակ կա, ասաց. «Առայժմ ոչ»:
Պողոսյանը նշեց, որ խմբի անդամները զինված են. «Իրենք տարածում են, որ ընդամենը վերցրել են գնդի զենքերը, սխալվում են, ի սկզբանե զինված հարձակում են գործել»:
Փոխոստիկանապետը կրկին անգամ հորդորեց հեռու մնալ սադրանքներից, հանցագործությունից, մարդասպանությունից, ավելորդ արյունահեղությունից:
Հ.Պողոսյանն ասաց, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, նաև սպանված գնդապետ Արթուր Վանոյանի դին: Վիրավորների թվում է նաև ոստիկանության օպերատոր: Ըստ նրա խոսքի՝ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսի վիճակը՝ ծանր: Ստացել են հրազենային վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում: Ա. Վանոյանը մահացել է հրազենային վնասվածքի հետևանքով հարձակման արդյունքում:
Նա չնշեց, թե զինված խումբը քանի հոգուց է կազմած: Իսկ ներսում պատանդները ոստիկանության վեց աշխատակից են:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հաջողվել գրավել ՊՊԾ գունդը, Հ.Պողոսյանն ասաց. «Խաղաղ պայմաններում մեր ազգաբնակչության անդորրը պահող խաղաղ ոստիկանին մտնել սպանելով, ոստիկանի կողմից համարժեք պատասխան չստանալով»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ը հայտնում է, որ բանակցությունները ընթանում են, ակտիվ գործողությունների հրաման չկա
- Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ
- «Եթե մեր հորդորները չլսվեն, ի վիճակի ենք վնասազերծելու նրանց». Հունան Պողոսյան
- ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը
- Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել. ԱԱԾ
- ՀՀ ԱԱԾ. «Զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան