Վաչիանում ոչ-ոք չի հավատում, որ դաժան սպանությունը մի հոգի է կատարել. «Ջավախք նյուզ»
Վաչիանցիները չեն հավատում, որ Քաչոտյանների ընտանիքի սպանությունը մի հոգի է կատարել: Նրանք ոստիկանությունից պահանջում են արդար հետաքննություն և ինֆորմացիա գործի ընթացքի մասին: Այս մասին գրում է «Ջավախք նյուզ»-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի գիշերը լույս 10-ին Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին՝ 37-ամյա Օֆելյային, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային և 5-ամյա Սերգեյին սպանել էին սեփական տան մեջ: Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվում է նույն գյուղի 24-ամյա բնակիչ Նոդար Ակոպովը: Նա ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
Այսօր առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում մի խումբ վաչիանցիներ հավաքվել էին Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց: Արդեն մեկ շաբաթ է անցել սպանությունից, բայց վաչիանցիները ոչ մի ինֆորմացիայի չեն տիրապետում, թե կոնկրետ ինչ ընթացքում է գտնվում գործը:
Վաչիանցիներից կազմված 5 հոգանոց խումբը հանդիպեց ոստիկանների հետ, որտեղ նրանց ասել են, որ ոստիկանությունը օպերատիվ աշխատում է, մոտ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի մանրամասների մասին, երբ պարզ լինի դատաբժշկական եզրակացությունը:
Ըստ աղբյուրի, Վաչիանում ոչ-ոք չի հավատում, որ դաժան սպանությունը մի հոգի է կատարել: Նրանք չեն հասկանում, թե ինչ շարժաթիռներից ելնելով է մարդասպանը գործել:
Քաչոտյանների ընտանիքի սպանության գործի քննությունը կատարվում է Ախալցիխեում:
Հարակից հրապարակումներ`
- Տեղի է ունեցել Ախալքալաքում սպանված հայ ընտանիքի հուղարկավորությունը
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործը բացահայտվել է
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործով ձերբակալված կա
- Ախալքաքում հայ ընտանիք է սպանվել