Ելքը ուժի չկիրառումն է. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել անազատության մեջ գտնվող «Նոր Հայաստան» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանին։ Այդ մասին պատգամավորը հայտարարեց քիչ առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա վկայակոչեց Քրեակատարողական հիմնարկների մասին օրենքը և նկատեց, որ պատգամավորները առանց խոչընդոտների իրավունք ունեն տեսակցել անազատության մեջ գտնվող անձանց հետ։
«Այսօր ինձ ապօրինի կերպով տեսակցելու հնարավորություն չտվեցին։ Ուզում եմ մեկ դիտարկում անել՝ այսօրվա իրավիճակը հենց իշխանությունների կողմից նման չորով ապօրինություններ անելու գործողությունների հետևանքն է։ Ես կարծում եմ, որ Սեֆիլյանի հետ իմ հանդիպումը, խոսակցությունը կարող էր դրական նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը», -հավելեց Փաշինյանը։
Պատգամավորը հստակեցրեց, որ իր հանդիպման նպատակը Սեֆիլյանին իրավիճակը ներկայացնելն էր, քանի որ իր պնդմամբ, Սեֆիլյանը կատարվածի մասին ամբողջական տեղեկություն չունի։
«Կարևոր կլիներ լսել Սեֆիլյանի կարծիքը ստեղծված իրավիճակից ելքերի վերաբերյալ։ Ես գիտեմ՝ Սեֆիլյանը և Պավել Մանուկյանը ունեցել են հեռախոսազրույց, որի մանրամասներին չեմ տրապետում, բայց համոզված եմ, որ այդ զրույցով հնարավոր չէր պատկերացում կազմել իրավիճակի մասին», -նկատեց Փաշինյանը։
Պավել Մանուկյանը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբ անդամներից է, ազատամարտիկ, և armlur.am-ին նա փոխանցել էր իրենց զրույցից. «Ես ներկայացրեցի իրավիճակը, թե ինչեր են կատարվեր, բայց ինքը տեղյակ չէր: Դրա համար ասեց` որոշեք ինքներդ»։
Մանուկյան-Սեֆիլյան հեռախոսազրույցի բովանդակության մասին Փաշինյանը դժվարացավ գնահատական տալ։
Պատասխանելով օտարերկրյա լրագրողների հարցերին, Փաշինյանը տեղեկացրեց, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խումբը շուրջ 26 անձից է բաղկացած։
Իշխանությունների ու զինված խմբի միջև բանակցությունների և հնարավոր բախումների մասին հարցերին ի պատասխան, պատգամավորը նկատեց, որ ուժային գործողություններ իրականացնելը նշանակում է առաջին հերթին վտանգի տակ դնել զինված խմբի մոտ գտնվող բարձրաստիճան ոստիկաններին։
«Ելքը ուժի չկիրառումն է, և ես նման հավաստիացում ստացել եմ «Սասնա ծռեր» խմբի անդամներից։ Նրանք ինձ ասել են, որ ուժի կիրառման չեն գնալու», -նշեց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան