Էրդողանը CNN-ի եթերում չի բացառել մահապատժի վերականգնումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում հուլիսի 16-ին հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել CNN-ին։ Էրդողանը հրաժարվել է բացառել մահապատիժն այն մարդկանց համար, ովքեր ձերբակալվել են հեղաշրջման փորձից հետո։
«Կա հստակ դավաճանություն։ Սակայն, իհարկե, պետք է լինի խորհրդարանական որոշում այդ առումով, որպեսզի ձեռնարկվեն սահմանադրական միջոցներ։ Այնպես որ, առաջնորդները պետք է հավաքվեն, քննարկեն այն, և եթե ընդունեն քննարկել այն, ապա ես՝ որպես նախագահ, կհաստատեմ ցանկացած որոշում, որը դուրս է գալիս խորհրդարանից»,-ասել է Էրդողանը՝ CNN-ի հեռուստալրագրող Բեքի Էնդերսոնի հետ հարցազրույցում, որն անցկացվել է Ստամբուլի նախագահական պալատում։
Նշենք, որ այսօր Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա դա կլինի Եվրամիության հետ բանակցությունների վերջը։
«Ոչ մի երկիր չի կարող դառնալ ԵՄ անդամ, եթե ունի մահապատիժ։ Թուրքիան Եվրոպայի խորհրդի կարևոր մաս է կազմում և կապված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը մահապատժի հարցում շատ հստակ է»,-ասել է Մոգերինին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ խորհրդարանը կարող է քննարկել մահապատիժը վերականգնելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան