Օրինահարգ քաղաքացիները վախենալու ոչինչ չունեն. Հունան Պողոսյան
Հուլիսի 17-ին ոտսիկանության ծառայողները քաղաքացիներին բերման ենթարկելու համար ունեցել են իրավական հիմնավորումներ: Այդ մասին քիչ առաջ Էրեբունիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
«Ինչպես միշտ, այս դեպքում ևս բոլոր իրավական հիմնավորումները կան, բոլորը ստացել են իրենց պատշաճ պատասխանը: Բոլորը բաց են թողնվել, նրանցից ոմանք ենթարկվել են վարչական պատասխանատվության, ոմանք էլ ներկայացվել են հարցաքննության», -հավելեց Պողոսյանը:
Հարցին, թե ովքեր դուրս գան հավաքների, նրանց պետք է բերմա՞ն ենթարկեն, փոխոստիկանապետը պատասխանեց. «Ովքեր կխանգարեն հասարակական կարգը, իհարկե, բերման կենթարկվեն: Ովքեր օրինահարգ են վախենալու ոչինչ չունեն»:
Նշենք՝ ըստ ՀՀ Քրեական դատավարության օրենքի «Բերման ենթարկելը» հոդված 153-ն է.
1. Բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:
2. Բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:
3. Բերման ենթարկելու մասին որոշումը կատարում է հետաքննության մարմինը` օրենքով սահմանված կարգով:
4. Չի թույլատրվում բերման ենթարկել մինչև 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց և ծանր հիվանդությամբ տառապող անձանց, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվելու դեպքերի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին