Եզրափակվել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը
Հերթական «Ոսկե ծիրանն» ավարտեց իր աշխատանքները, բայց ոչ՝ առաքելությունը: Հայաստանում սիրված կինոփառատոնն իր երկրպագուներին թողնում է իրենց մտորումների, ստացած տպավորությունների և վերլուծությունների ազատության մեջ՝ մինչև նոր հանդիպում: Որքանո՞վ հանդիսատեսը ներշնչվեց գեղեցիկ մտածելու, ապրելու և ստեղծելու ցանկությամբ՝ ցույց կտա ժամանակը: Աշխարհի առջև բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող մի շարք ազգերի համար, - փառատոնի փակման արարողությանն ասել է արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս մասին հայտնում են ընկերության մամոիլի ծառայությունից:
Մեկշաբաթյա կինոտոնի պաշտոնական փակումն ազդարարել են «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ու Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ փառատոնը կայացել է հուլիս 10-17-ը: Համաշխարհային կինոարվեստի շունչը մեկ շաբաթ մայրաքաղաքում տարածած հերթական «Ոսկե ծիրանն» ինքնատիպ էր միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ և բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ:
Փառատոնային շաբաթը հագեցած էր իրադարձություններով. Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագրի իրականացում, ֆիլմերի ցուցադրություն, կլոր սեղան-քննարկումներ, վարպետության դասեր, որոնք անցկացրեցին Ֆրեդ Քելեմենը (Գերմանիա, ռեժիսոր/օպերատոր), Ժելիմիր Ժիլնիկը (Սերբիա, ռեժիսոր),Վիտալի Մանսկին (Ռուսաստան, ռեժիսոր), Հոմայուն Էրշադին (Իրան, դերասան) և Անդրեյ Լոշակը (Ռուսաստան, ռեժիսոր), Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին նվիրված երեկոյի անցկացում, ռեժիսորներ Ժելիմիր Ժիլնիկի և Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ և այլն:
Փառատոնը նշանավորվել էր հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ: Ռեժիսորներ Առնո Խայաջանյանը («Բարի գալուստ, Անատոլիա») և Իննա Սահակյանը («Ավրորայի արևածագը») պարգևատրվել են համապատասխանաբար՝ 7500 և 5000 ԱՄՆ դոլար մրցանակով:
Փառատոնն իր ներկայությամբ պատվել էր հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթը: Հանդիսատեսը հանրահայտ երեք կինոնկար դիտեց նրա դերակատարմամբ:
13-րդ «Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք մատուցեց փառատոնի լավագույն բարեկամ, ճանաչված ռեժիսոր, երջանկահիշատակ Աբաս Քիառոսթամիի հիշատակին:
«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել էր նաև «Ֆրանսիական նոր կինո», «Գերմանական կինոյի օր», «Շեքսպիրն ապրում է կինոյում», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում էին ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երևանյան պրեմիերաներ»-ի շրջանակում հանդիսատեսին ներկայացվել էին երբևէ մեծ էկրանին չցուցադրված ֆիլմեր:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան»-ի ոսկե և արծաթե ծիրանները հայտնի են
- Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրան»-ը յուրօրինակ խաչմերուկ է
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին