Պեսկով. «Չի կարելի միակերպ մեկնաբանել Թուրքիայի, Հայաստանի և Ղազախստանի իրադարձությունները»
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի անդրադարձել է Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցած զինված բախումներին և հորդորել է միակերպ չմեկնաբանել դրանք և չնույնացնել:
«Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները չի կարելի միակերպ որակավորել: Եթե մի դեպքում դա հեղաշրջման փորձ էր, ապա մյուսում` քրեական գործ», - «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում մի խումբ բարձրաստիճան զինվորականների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման չհաջողված (կամ՝ չավարտված) փորձ: Այն ճնշվեց ոստիկանության, կառավարությանը հավատարիմ մնացած զինվորական ստորաբաժանումների և «խաղաղ» բնակչության մի մասի ճնշման արդյունքում:
Հուլիսի 17-ի առավոտյան Երևանում «Սասնա ծռեր» զինված խմբավորումը զենքի գործադրմամբ գրավեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդերից մեկը: Պատանդներ վերցնելով՝ զինված խռովարարները պահանջ են ներկայացրել ազատել Ժիրայր Սեֆիլյանին և պահանջել են նախագահի հրաժարականը:
Հուլիսի 18-ին Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում անհայտ զինյալները հարձակվել են ոստիկանատներից մեկի վրա՝ սպանելով երեք ոստիկանի և մի քաղաքացիական անձի, վիրավորելով մի քանի մարդու: Այժմ քաղաքում տագնապի «կարմիր» աստիճան է հայտարարվել, իրավապահները հակաահաբեկչական գործողություն են իրականացնում, իշխանությունները մարդկանց հորդորում են մնալ շենքերում:
Նկատենք, որ, չնայած Պեսկովի հայտարարությանը՝ ՀՀ-ում այս գործով որևէ քրեական գործ այս պահին չի հարուցված։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան