Ալեք Ենիգոմշյանը ներկայացրել է՝ երբ կհամարի բանակցությունները խզված
Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հեռախոսները անջատված են և դա բանակցությունները շարունակելու համար նպաստավոր քայլ չէ,- այդ մասին քիչ առաջ Խորենացի փողոցում, որտեղ գտնվում է ՊՊԾ գրաված գունդը, հայտարարեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Երկուշաբթի սկսվել են բանակցությունները, շարունակվել են և ԱԱԾ ղեկավարության կողմից երեկ պահանջ-առաջարկ է ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Երեկ հանդիպել եմ Ժիրայր Սեֆիլյանին, «Սասնա ծռեր»-ի անդամներին ու ԱԱԾ պատասխանատուների հետ: Տղաներին փոխանցել եմ ԱԱԾ առաջարկ-պահանջը:
Տղաները ասել են, որ դրա պատասխանը կտան այսօր ժամը 7-ին: Պետք է ասեին ինձ, որ ես փոխանցեի պատկան մարմիններին: ԱԱԾ-ին փոխանցել եմ, որ տղաները պատասխանը կտան ժամը 7-ին: ԱԱԾ-ի ներկայացուցիչները դա ընդունել են շատ հանգիստ, դրական տոնայնությամբ, ասել են՝ շատ լավ: Բայց այսօր առավոտյան իմանում ենք, որ հեռախոսները անջատվել են: Իսկ ես նախևառաջ պետք է հեռախոսով կապ ունենամ այնտեղ գտնվող տղաների հետ, իսկ կապը խզելով, իրենք արդեն այդ հնարավորությունից զրկում են ինձ ու տղաներին», -լրագրողներին ներկայացրեց Ալեք Ենիգոմշյանը:
Նա պատկան մարմիններին 30 րոպե ժամանակ տվեց, որպեսզի «հստակորեն ասեն կամ խզված են, կամ խզված չեն բանակցությունները»:
«Եթե պատասխան չստանամ, դա կնշանակի, որ բանակցությունները խզել են իշխանությունները:
Կրկնում եմ՝ խզել են այնպիսի պայմաններում, որ այդ բանակցությունները փակուղիում չեն գտնվում: Կրկնում եմ՝ վերջին ուղերձը, որը «Սասնա ծռեր» խմբի կողմից փոխանցել եմ, ԱԱԾ-ի կողմից ընդունվել է հանգիստ», -հավելեց Ենիգոմշյանը:
Հարցին, թե Ժիրայր Սեֆիլյանը մասնակցո՞ւմ է բանակցություններին, Ենիգոմշյանը պատասխանեց, որ այո, Սեֆիլյանը բանակցային կողմ է:
«Սեֆիլյանը, իհարկե, բանակցությունների մաս է կազմում, և բանակցությունները երեք կողմերի միջև է», -հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան