Ալեք Ենիգոմշյանին հավաստիացրել են, որ բանակցությունները խզված չեն
Իշխանություններին տված 30 րոպեն ավարտվեց, և «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը Խորենացի փողոցում լրագրողներին հայտարարեց, թե ինքը հավաստիացումներ է ստացել առ այն, որ բանակցությունները խզված չեն:
«Համապատասխան կողմից ես ստացել եմ հավաստիացում, որ բանակցությունները խզված չեն: Դրա համար ես, անկեղծորեն, շատ գոհ եմ, ուրախ եմ: Եթե բանակցությունները խզված չեն, այդ դեպքում ակնկալվում է, որ երկու կողմերից սրացման գնացող և լարվածությունն ավելացնող քայլեր չլինեն: Ես ուզում եմ հավատալ այն հավաստիացմանը, որ բանակցությունները խզված չեն, բայց կրկնում եմ՝ եթե խզված չեն, նաև պետք է սրացման չգնալ», -հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը:
Հարցին, թե ո՞ւմ հետ են եղել բանակցությունները, ԱԱԾ-ի՞, Ենիգոմշյանը դրական պատասխան տվեց:
Ճշտող հարցին, թե հիմա ինչի՞ն են սպասում, Ենիգոմշյանը պատասխանեց. «Ես սպասում եմ, որ ընդհանրապես, տղաների հեռախոսային կապը վերահաստատվի, մնացածը կտեսնենք: Բայց կապի մասին հավաստիացում չի արվել: Հավաստիացում է արվել, որ բանակցությունները խզված չեն»: