Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՔԾ
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության ու վատ վերաբերմունքի գործադրման վերաբերյալ բոլոր հաղորդումներն ու տեղեկությունները: Ուսումնասիրվել են նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները: Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Ըստ աղբյուրի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացած ահազանգերի, քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ քննություն իրականացնելու հարցով գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն:
Բոլոր այն հաղորդումներով կամ հրապարակումներով, որոնք պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության առերևույթ հատկանիշներ, գրություններ են ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Այդ հաղորդումների թվում են Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի և մի շարք այլ քաղաքացիների հաղորդումները: