Հուլիսի 22-ին կայանալիք հանդիպումը յուրօրինակ փորձություն կլինի Մխիթարյանի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է այն 25 ֆուտբոլիստների անունները, ովքեր կմեկնեն Չինաստան և կմասնակցեն ուսումնամարզական հավաքի: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ինչպես և սպասվում էր, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի անունն այս ցանկից բացակայում է, քանի որ պորտուգալացի մասնագետը որոշել է նրան հանգիստ տալ` հաշվի առնելով ֆուտբոլիստի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չինաստան կմեկնի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Շանհայում հուլիսի 22-ին կայանալիք հանդիպումը յուրօրինակ փորձություն կլինի հայ ֆուտբոլիստի համար, քանի որ մանկունյանցիներն ուժերը կչափեն Հենրիխի նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Հուլիսի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Պեկինում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Ուսումնամարզական այս հավաքը Մոուրինյոյին հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել թիմին, քանի որ նոր մրցաշրջանի մեկնարկը սարերի ետևում չէ: