Տիգրան Հակոբյան. Որևէ կառույց նորմալ չաշխատեց
«Մեր պետական ինստիտուտը իր բոլոր կառույցներով՝ ներառյալ բանակը, պարզվեց սիմուլյատիվ են, սիմուլյատիվ է նաև ընդդիմությունը, որը իր անգործությունը բերեց տրամադրությունների արմատականացման»: «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում նման կարծիք է հայտնել հայտնի լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Հակոբյանը:
«Մեր ԱԱԾ-ն, որ շատ լավ հետևում էր քաղաքական գործիչներին, ընդդիմությանը, պարզվեց կարող է աչքաթող անել 20-25 զինյալների, որոնք մտել են ՊՊԾ: Որևէ կառույց նորմալ չաշխատեց: Բոլորը ինչ-որ գործ են անում, բայց պարզվեց տակը փուչ է: Այս ամենը և օրինական միջոցնելի սպառումը հանգեցրեց այն մտայնությանը, թե միգուցե փոփոխությունների սոցիալական պատվերը հնարավոր է կատարել միայն այս միջոցով, որը ճանապարհ է առ ոչինչ», - ասել է Տիգրան Հակոբյանը:
Նա կարծիք է հայտնել, եթե կուտակված խնդիրները լուծում չստանան, Հայաստանին մոտ ապագայում սպասում են մեծ խռովություններ: «Սասնա ծռեր» ջոկատի արարքը, ըստ Հակոբյանի, թեպետ իշխանությունների վարած քաղաքականության օբյեկտիվ արձագանքն է, այդուհանդերձ իր հատկանիշներով ահաբեկչական գործողություն է, որի նպատակն է լինում գրավել հասարակության ուշադրությունը, հրապարակավ հնչեցնել պահանջներ, որոնք կարող են վեհ լինել, և փորձել լինել այն կայծը, որը կբերի համազգային ապստամբության կամ հեղափոխության:
Հակոբյանը զգուշացրել է, որ սովորաբար նման նախադեպը վերաճում է տևական ժամանակով պարբերական արատավոր շրջափուլի: Հակոբյանի կարծիքով, մեզանում փոփոխությունների սուր սոցիալական պատվեր կա, և եթե իշխանությունը կորցրել է զգոնությունը և ինքնապահպանման բնազդը, ապա հաշվի առնելով մեր հանրության ռադիկալիզացիան և միմյանց նկատմամբ ծայրահեղ ատելությունը, ապա դա կարող է բերել նույնիսկ քաղաքացիական պատերազմի: Նման տխուր սպառնալիքից խուսափելու համար հաղորդման հյուրը հորդորել է կողմերին բացառել ուժի կիրառումը, և բանակցելով՝ հասնել կոմպրոմիսի:
«Ես համոզված եմ, որ առաջիկա օրերին այդ լուծումը կգտնեն» - ասել է նա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան