Բավարիայում գնացքի վրա հարձակվողը եղել է Աֆղանստանից փախստական
Ոճրագործը, ով Գերմանիայում կացնով հարձակվել է գնացքի ուղևորների վրա, 17-ամյա փախստական է Աֆղանստանից: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Բավարիայի դաշնային հողերի ներքին գործերի նախարարը: Ըստ նրա, երիտասարդը Գերմանիա է եկել մեծահասակների ուղեկցությամբ, բնակվել է Օկսենֆուրտ քաղաքում: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նա պետք է տեղափոխվեր խնամատար ընտանիք:
Deutsche Welle-ի փոխանցմամբ, հարձակումից առաջ նա գոռացել է «Ալլահ աքբար»: Ականատեսների խոսքով, նա ունեցել է կացին և դանակ:
Հուլիսի 18-ի գիշերը զինված տղամարդը հարձակվել է ուղևորատար գնացքի վրա: Իրավապահ մարմիններ կրակել են ոճրագործին, ով ցանկացել է թաքնվել: Հարձակման հետևանքով չորս մարդ վիրավորվել է, նրանցից երեքը հոսպիտալացվել են, վիճակները եղել է ծանր: Sky News-ի տեղեկություններով, 14 մարդ գտնվում է շոկային վիճակում: